հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» ներկայացումից գրեթե չորս տարի անց ԿԳՄՍՆ-ն ուզում է հետ ստանալ նախագծին հատկացրած գումարը. Հետք

«ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» ներկայացումից գրեթե չորս տարի անց ԿԳՄՍՆ-ն ուզում է հետ ստանալ նախագծին հատկացրած գումարը. Հետք

ԿԳՄՍՆ-ն դատական հայց է ներկայացրել «ԱԺԶ» մշակութային ՀԿ-ի դեմ, որը 2019-ին նախարարության դրամաշնորհով իրականացրել է «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» կատարողական արվեստի նախագիծը Հանրապետության հրապարակ մետրոյի տարածքում։ Նախարարությունը դատարանից պահանջում է բռնագանձել կազմակերպությանը հատկացրած 2,756,000 ՀՀ դրամը, գրում է Հետքը:

Դատական հայցի հիմքում ընկած է «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» նախագծի բովանդակային բացասական եզրակացությունը, ստորագրված նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի և նախարարության ժամանակակից արվեստի բաժնի նախկին պետ Արմինե Ղազարյանի կողմից։ «ԱԺԶ»-ն դատական գործի մասին ծանուցվել է վերջերս։

Ներկայացման հեղինակներից պարուսույց, պարային թերապիայի մասնագետ Հասմիկ Թանգյանը մեզ հետ զրուցում պատմեց, որ ներկայացումն իրականացնելուց և հաշվետվությունը ներկայացնելուց հետո որևէ մեկը ԿԳՄՍՆ-ից նրանց հետ կապ չի հաստատել, որևէ արձագանք ծրագրի բովանդակության մասին նախարարությունից նրանք չեն ստացել, ավելին՝ չեն տեղեկացվել, որ նախագծի բովանդակային գնահատականը բացասական է եղել։

«Ես ուղղակի ապշել եմ։ Այսքան աղմկահարույց դեպքից հետո մեզ անգամ չեն զանգել, ոչինչ չեն պարզաբանել, չեն ուզել։ Հետո տարիներ անց դատական գործի ծանուցումից նոր տեղեկացել ենք, որ բացասական են գնահատել ու հիմա դրամաշնորհը հետ են պահանջում»,-պատմեց Հասմիկը

 

Տեսանյութը՝ epress.am-ի

Հասմիկի խոսքով՝ ներկայացումը տարբեր քաղաքական խմբեր և կուսակցություններ շահարկել են, փորձել են ցենզուրայի ենթարկել, իսկ արվեստագետների վրա և՛ մեդիա գրոհներ են եղել, և՛ ատելության խոսք։ 

Նախագծի բովանդակային բացասական գնահատականում նշվում է, որ իրականացված բեմադրությունում անորոշ են մնացել հայ ֆուտուրիստ պոետների՝ Կարա Դարվիշի, Գևորգ Աբովի, Ազատ Վշտունու, Եղիշե Չարենցի տեղն ու դերը։ Պերֆոմանսի ընթացքում Լիլիթ Պետրոսյանը կարդացել է հենց այս պոետների հեղինակած պոեմներից հատվածներ՝ իր մեկնաբանությամբ։

 

«ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ»-ի ձայնագրությունը՝ Լիլիթ Պետրոսյանի փոդքասթից։

Գնահատականում նաև նշվում է, որ մշակված չեն գործող մարմինների կոմպոզիցիոն դասավորությունը, անմշակ է ձայնային բովանդակությունը։ Մինչդեռ պերֆորմանսի ժամանակ արվեստագետները հարձակման են ենթարկվել, կտռվել են միկրոֆոնների եւ բարձրախոսերի լարերը։

Հասմիկ Թանգյանը ասում է, որ բովանդակային գնահատականում նախարարությունը հաշվի չի առել կարևոր հանգամանքներ, գնահատականում կան այնպիսի պնդումներ, որոնք հավելյալ հիմնավորման, մեկնաբանման և արձագանքի կարիք ունեն։

Հիշեցնենք, որ 2019-ի նոյեմբերի 2-ին ներկայացման ընթացքում և՛ Հասմիկ Թանգյանը, և՛ հեղինակներից Լիլիթ Պետրոսյանն ու այլ մասնակիցները հարձակման ենթարկվեցին մի խումբ տղամարդկանց կողմից, որոնցից մեկը մասնակիցների վրա «զելյոնկա» լցրեց։ Ներկայացման ընթացքում կտրեցին տեխնիկայի լարերը, մասնակիցներին պիտակեցին որպես սատանիստներ, հայհոյանքներ հնչեցրեցին, միջամտեց ոստիկանությունը։ Չնայած ներկայացումը խափանելու փորձերին՝ արվեստագետներն այն ավարտի հասցրեցին։ Տեղի ունեցածը մեծ հանրային արձագանք ստացավ։

ԿԳՄՍՆ-ն բանավոր պարզաբանում չի տալիս

Պարզաբանումներ ստանալու համար կապ հաստատեցինք ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության ներկայիս պետ Սվետլանա Սահակյանի հետ։ Նա ասաց, որ գործի մանրամասներին չի տիրապետում, հորդորեց դիմել նախարարության իրավաբանական վարչություն և գրավոր հարցում ուղարկել։

Փորձեցինք նաև կապ հաստատել վարչության նախկին պետ Արմինե Ղազարյանի հետ, որը կկարողանար մեկնաբանել այս գործընթացը և նախագծի բովանդակային գնահատականը, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։

Իրավաբանական վարչության պետից հնարավոր չեղավ պարզաբանում ստանալ, իսկ նախարարության դատական գործերի բաժնից նորից հորդորեցին դիմել գրավոր հարցումով։  Քանի որ նախարարությունից չհաջողվեց ստանալ բանավոր պարզաբանում, դիմեցինք գրավոր հարցումով։

Մտահոգիչ դատական գործ

«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի նախագահ, համադրող և ժամանակակից արվեստի հետազոտող Տիգրան Ամիրյանի խոսքով՝ նախարարության տված եզրակացությունը և դատական ​​գործը խիստ մտահոգիչ են։ 

«Պետք է նշել, որ այս եզրակացությունը և դատական ​​գործը մեծապես հակասում են 2005-ի ՅՈՒՆԵՍԿՈ-ի  «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին կոնվենցիա»-ին, որը Հայաստանը ստորագրել և վավերացրել է դեռեւս 2007-ին։ Իբրեւ կազմակերպություն՝ մենք արդեն տևական ժամանակ է աշխատում ենք մշակութային իրավունքների թեմայի շուրջ։ Այս տարիների ընթացքում բազմաթիվ մտահոգություններ և բացասական կարծիքներ ենք լսել մեր միջազգային գործընկերներից առ այն, որ  մեր երկիրը վավերացրել է այս կոնվենցիան, սակայն լիովին չի ընկալում և իրացնում այն։ Հիմնվելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարեկան հաշվետվությունների և հասարակական կազմակերպությունների զեկույցների վրա՝ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ մեր կառավարությունը ամբողջական և խորքային պատկերացում չունի ստորագրված փաստաթղթի բնույթի եւ նպատակների շուրջ։
Կարծում եմ՝ «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ»-ի դեպքը ևս բացասական ազդեցություն կունենա մեր երկրի իմիջի վրա։ Մի կողմից պետությունը խոսում է ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատությունների մասին, մյուս կողմից՝ հրաժարվում հարգել մեր արվեստագետների մշակութային իրավունքները»,-ասում է Ամիրյանը։

Նրա խոսքով՝ «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» միջգիտակարգային արվեստի նախագիծը թե' գեղարվեստական նորարարության, թե' սոցիալական խնդիրներին անդրադառնալու առումով կարևոր և նշանակալի է հայաստանյան ժամանակակից արվեստի համատեքստում, «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ն հանգամանորեն անդրադարձել է այս նախագծին «Հայաստանում մշակութային դաշտի գենդերային վերլուծությունը» գրքում։

«Վերադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային իրավունքների կոնվենցիային՝ ուզում եմ շեշտել, որ նախարարությունը ոչ միայն նման կարծիք չպետք է տար, այլ ավելին՝ իբրև այս միջազգային նորմատիվ փաստաթուղթը ստորագրած երկրի պետական կառույց, պետք է հետամուտ լիներ հարձակումներից պաշտպանելու  «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ»-ի արվեստագետներին, աջակցեր նրանց մշակութային իրավունքների իրացմանը»,-ասում է Ամիրյանը։

Հասմիկ Թանգյանի խոսքով՝ այժմ իրենք փորձում են գտնել փաստաբանի դատարանում իրենց շահերը ներկայացնելու համար։ 

Մեր գրավոր հարցման պատասխանը ստանալուց հետո կհրապարակենք ԿԳՄՍՆ-ի դիրքորոշումն ու մեկնաբանությունը։

 

 

«ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» ներկայացման մասին

 

Ներկայացումը 1920-ական թվականների ֆուտուրիզմ պոեզիայի (Կարա Դարվիշ, Գեւորգ Աբով, Ազատ Վշտունի) հետազոտական/էքսպերիմենտալ վերընթերցումն է՝ Լիլիթ Պետրոսյանի հեղինակային պոեզիայի միջամտություններով եւ Հասմիկ Թանգյանի ապագայամետ շարժման աշխարհագրությամբ։

«ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳԸ» հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու եւ շարժվելու ձեւի հանրային ընկալումը։ Հասմիկ Թանգյանը հռչակում է ներկայություն պարագրությամբ,
Լիլիթ Պետրոսյանը բառագրում է ռիթմի հաճախականություններում, «ՔոՔոԼաբ» դպրոցի ուսանողները փորձարկում են տարածքը, Ալբերտ Գրիգորյանը նկարում է ճարտարապետության եւ հագուստի խոսակցության կոմպոզիցիայով, Կայ Խաչատրյանը ձայնակցում է էլեկտրոնային լեզվի ռիթմով, Սաթենիկ Հովսեփյանը փաստագրում է լուսանկարչական ապարատի աչքով, Նվարդ Երկանյանը անդրադառնում եւ վերաձեւակերպում է 1920-ականների տառային պաստառների մոտեցումները։

Ներկայացման մտահղացումն առաջացել է այս ընթացքում Երեւանում գտնվող գերմանացի վիզուալ եւ պերֆորմանս արվեստագետ Լինդա Նադջիի հետ համագործակցության արդյունքում (կատարողներ՝ Հասմիկ Թանգյան (պարագիր), Լիլիթ Պետրոսյան (պոետ), «ՔոՔոԼաբ» դպրոցի ուսանողներ։ Ձայնային արվեստագետ՝ Կայ Խաչատրյան, նկարիչ՝ Ալբերտ Գրիգորյան, պաստառի հեղինակ՝ Նվարդ Երկանյան, տեսահոլովակը՝ Սաթենիկ Հովսեփյան):

  • Կիսվել: