Հրշեջները, 5 օր շարունակ վտանգելով իրենց կյանքը, կարողացան Մասիսի աղբավայրում առաջացած խոշոր հրդեհի դեմն առնել. սահմանվել է շուրջօրյա հսկողություն
Արդեն 5 օր է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի, Արտաշատի, Արարատի և Վեդիի հրշեջ-փրկարարները Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարների հետ պայքարում են Մասիս քաղաքի հարակից Մասիսի աղբավայրում առաջացած կրակի դեմ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները գրեթե մինչև կեսգիշեր կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ: Կրակը, որը 5 օր առաջ տեսանելի էր անգամ Երևանից, հրշեջների շնորհիվ մարել է, սակայն անբարենպաստ եղանակն իր սև գործն է անում՝ հրշեջների հանգեցրած կրակի վայրում քամին դարձյալ կրակ է առաջացնում ու շնորհիվ հրշեջների՝ արագ կանխվում է կրակի տարածումը:
Առաջին 2 օրերին դեպքի վայրում հրշեջների աշխատանքը ղեկավարոմ էին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ու փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Այսօր հրշեջների աշխատանքին նրանք հետևում են օնլայն եղանակով: Սա այն դեպքերից է, որ հրշեջները, երբեմն վտանգելով իրենց կյանքը, անում են անհնարինը:
Ծուխն ու հոտը, կարելի է ասել, խեղդում են մարդկանց, բայց նրանք բարձր պատասխանատվության զգացումով կատարում են իրենց գործը: Հիմա արդեն կրակի բոլոր օջախները նրանց կողմից վերցվել են վերահսկողության տակ, սակայն մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ հրշեջները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում: