Հրայր Թովմասյանն ամեն ինչ կանի, որպեսզի կառչած մնա այդ աթոռից, օրինակներ եղել են․ Ալեն Սիմոնյան
Բացի իշխանություններից, բոլորը ինչ-որ ակնկալիքներ ունեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից, մենք որևիցե ակնկալիք չունեինք, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և նրա մերձավորների երազանքն է «մեկ բաժակ ջրում փոթորիկ ստեղծել», բայց ապարդյուն։
«Արդեն որերորդ անգամն է, որ գնում են դրսից մեր վրա տղա բերելու տրամաբանությամբ կարծես թե չի ստացվում, չի էլ ստացվելու։ Ես կարծում եմ, որ Հրայր Թովմասյանը ամեն ինչ կանի, որպեսզի կառչած մնա այդ աթոռից։ Ես դրա վառ օրինակներ տեսել եմ, եկեք չխորանամ», -հայտարարեց Սիմոնյանը։
Անդրադառնալով լուրերին, որ ՍԴ դատավորի պաշտոնում իշխանությունները քննարկում են Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը, Սիմոնյանն ասաց, որ այդ տեղեկությունները և ընդհանրապես, ՍԴ պաշտոնի համար մամուլում հրապարակված անունների մասին լուրերը 99 տոկոսով չեն համապատասխանում իրականությանը։
Նա հորդորեց սպասել և պարզ կդառնա՝ համապատասխան կառույցները ում են առաջադրում ՍԴ դատավորի թեկնածու։
Նշենք, որ նոր օրենսդրական կարգավորումներով ՍԴ երեք անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցվեցին: Նրանք, ինչպես նաև Հրայր Թովմասյանը դիմեցին Եվրոպական դատարան պահանջելով ՄԻԵԴ-ից հորդորել ՀՀ իշխանություններին չեղարկել այդ գործընթացը: Սակայն ՄԻԵԴ-ը երեկվա որոշմամբ մերժեց նրանց հայցը:


