Հպարտությամբ եմ ասում՝ զնվորների դիակները պահելու համար վերցրել ենք եվրոպական ստանդարտներին համապատասխան սառնարանային համակարգ, որը միգուցե նախատեսված էր մրգի պահպանման համար. փորձագետ
Մինչ օրս 3500-ից ավելի դիակի և դիակի մասունքների փորձաքննություն է կատարվել մեր հիմնարկի կողմից։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հանրապետական դատաբժշկական կենտրոնի Արարատի մարզային բաժնի վարիչ, դատաբժշկական փորձագետ Արմեն Գևորգյանը։
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Իմ կարծիքով՝ մեր մասնագիտական բարձր որակավորման և պատասխանատվության արդյունքում մենք կարողացանք իրականացնել բարդագույն փորձաքննություններ, որովհետև զինվորների փորձաքննությունները սովորական չէին․ դրանք ամբողջովին մասնատված, նեխային կազմափոխման ենթարկված դիակներ էին, որոնց փորձաքննությունը պահանջում էր թե՛ մասնագիտական, թե՛ բարոյահոգեբանական ուժերի գերագույն լարում՛՛։
Պատերազմական իրավիճակը, ըսդտ դատաբշկի, նախատեսում է ոչ ստանդարտ աշխատելաոճ ցանկացած բնագավառի համար։
՛՛Մենք պատերազմի առաջին իսկ օրվանից ձեռնարկեցինք սառնարանային համակարգերի առկայության խնդրի լուծում։ Գորիսում, Արմավիրի մարզում, Ստեփանակերտում, Մարտունիում մեր հիմնարկի պահանջով ՊՆ-ի կողմից տրվեցին շարժական սառնարանային համակարգեր։
Հպարտությամբ եմ ասում՝ իմ նախաձեռնությամբ՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում վերցրել ենք եվրոպական ամենավերջին ստանդարտներին համապատասխան սառնարանային համակարգ, որը միգուցե նախատեսված է եղել մրգի պահպանման համար։
Ի փառս այդ համակարգի տիրոջ՝ կարող եմ ասել, որ առանց որևէ շահախնդրության նա տրամադրեց իր սառնարանային համակարգը՝ մեր զինվորների դիակները պահելու համար։ Նման ծավալ որևէ առանձին դիահերձարանի սառնարան հնարավոր չէր իրականացնել՛՛,-ասաց նա։