շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ-ում մեկ տարում եղջերաթաղանթի 50 փոխպատվաստում է իրականացվել․ Առողջապահության փոխնախարար

ՀՀ-ում մեկ տարում եղջերաթաղանթի 50 փոխպատվաստում է իրականացվել․ Առողջապահության փոխնախարար

ՀՀ-ում մեկ տարում եղջերաթաղանթի 50 փոխպատվաստում է իրականացվել։ ՀՀ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Արման Գասպարյանը` ներկայացնելով «Մարդու օրգաններ և/կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

«ՀՀ-ում եղջերաթաղանթի մոտ 150 փոխպատվաստում է իրականացվում տարեկան, մեծ մասը բերվում է ԱՄՆ–ից և ՌԴ–ից»,– նշեց նա։

Ներկայացնելով քննարկվող նախագիծը` Գասպարյանն ասաց, որ գործող օրենքն ընդունվել է 2002 թ. ու մինչ օրս չի փոփոխվել։ Այժմ նախատեսվում է այս ընթացքում իրավական ակտերով, համապատասխան հրամաններով ընդունված որոշումները ներառել օրենքում, քանի որ սկսել են օրենքի անհամապատասխանություններ ի հայտ գալ։

Փոխնախարարը նշեց, որ օրենքի նախագծով սահմանում են նաև կենսաբանական մահ հասկացությունը (ուղեղի մահից բացի)։

«Ներկա բժշկագիտությունը հնարավորություն է տալիս երիկամի, լյարդի, եղջերաթաղանթի փոխպատվաստման նպատակով դոնորություն իրականացնել կենդանի կամ հաստատված ուղեղային մահվան փուլում գտնվող անձից հիվանդանոցային պայմաններում։ Միևնույն ժամանակ առավել ընդունելի և կիրառելի է մահացած մարդու դիակից եղջերաթաղանթի դոնորությունը, որն իրականացվում է դիահերձարանային պայմաններում»,– նշեց նա։

Բացի օրենքով սահմանված` կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման օրգանների ցանկից, ըստ նրա, նաև սահմանվում է մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը։

Նախագծով վերանայվում են նաև կենդանի դոնորի իրավունքները, ամրագրվում է, որ նա իրավունք ունի դոնորական հյուսվածքը վերցնելուց հետո գտնվել շարունակական դիսպանսեր հսկողության մեջ։

«Վերանայվել են նաև կենդանի դոնորի ընտրության սահմանափակումները, այսինքն` եթե անձը 65 տարեկան է կամ հաշմանդամ է, ապա դա այլևս արգելք չէ կենդանի դոնոր լինելու համար։ Սահմանվել է նաև դիակի դոնորության անհամաձայնության իրավունքները մահացածի հարազատների դեպքում»,– տեղեկացրեց Գասպարյանը։

Ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին` նա նշեց, որ արդեն կա դոնորության ռեեստր, որտեղ մուտք են արվում բոլոր տվյալները։

Թորոսյանը նաև հետաքրքրվեց` ե՞րբ կարող ենք ունենալ առաջին դիակային փոխպատվաստումը լյարդի կամ երիկամի դեպքում։ Առողջապահության փոխնախարարը դժվարացավ այդ հարցին պատասխանել։

  • Կիսվել: