կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ-ում հարևան երկրների լեզուների ուսուցման որոշումը բավականին խելամիտ և ճիշտ քայլ է․ դեսպան Սոբհանի

ՀՀ-ում հարևան երկրների լեզուների ուսուցման որոշումը բավականին խելամիտ և ճիշտ քայլ է․ դեսպան Սոբհանի

ՀՀ-ում Իրանի դեսպանատան և Հայաստանում իրանական մշակութային կենտրոնի աջակցությամբ՝ Երևանի թիվ 35 հիմնական դպրոցում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ պարսկերեն լեզվի դասարանի պաշտոնական բացման արարողությունը։

image-28-02-24-16-32-2.jpeg (74 KB)

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին և իրանական մշակութային կենտրոնի ղեկավար Ասադի Մուվահեդը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում թիվ 35 դպրոցի տնօրեն Տաթևիկ Եսայանը հիշեցրեց, որ 2022 թվականին ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցներին ներկայացրեց տարածաշրջանային լեզուների ուսուցման հետ կապված առաջարկ, և տվյալ դպրոցն ընտրեց պարսկերենը։

«Դա շատ պատասխանատու ընտրություն էր, ունեցել ենք համապատասխան քննարկումներ աշակերտների ու ծնողների հետ։ Ընտրեցինք պարսկերենը՝ հաշվի առնելով հայ-իրանական դարավոր բարեկամությունն ու առկա կապերը։ Մեր երկու պետությունները տարածաշրջանում ներկայանում են որպես փոխադարձ վստահության և հարգանքի մթնոլորտում համագործակցող երկրներ։ Նախորդ երկու տարիների ընթացքում բավականին ակտիվորեն աշխատել ենք ՀՀ-ում Իրանի դեսպանատան և մշակութային կենտրոնի հետ, նրանք մեզ բավականին օգնել են, տրամադրել են դասագրքեր։ Ունենք երկու հրաշալի մասնագետներ, ովքեր մեր վերապատրաստված կադրերն են և նվիրված են իրենց աշխատանքին ու կարողացել են երեխաների մեջ արթնացնել սեր պարսկերենի նկատմամբ»,- ասաց Եսայանը։

Նա տեղեկացրեց, որ նախորդ երկու տարիներին դպրոցում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ։ Կրթօջախում հյուրընկալվել են նաև նախկին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և իրանական մշակութային կենտրոնի նախկին ղեկավար Թավա Թաբային։ Նրանք հաղորդակցվել են աշակերտների հետ և գոհունակությամբ արձանագրել պարսկերեն լեզվի ուսուցման գործում գրանցված առաջընթացը։ Այս պահին դպրոցում հարևան երկրի լեզուն սովորում են շուրջ 300 աշակերտներ, որոնց թվաքանակը հետզհետե կավելանա, որովհետև 5-ից 9-րդ դասարաններում պարսկերենը լինելու է պարտադիր դասավանդվող առարկա։

 

  • Կիսվել: