ՀՀ շուկայում միս վաճառելու համար Արցախում ևս պիտի սպանդանոցներ կառուցվեն. վարչապետ
ԱԺ նիստի ժամանակ այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ինչպես պետք է Արցախի Հանրապետությունից մսամթերք ընդունել, և արդյոք Արցախում համայնքապետարաններն իրավունք ունե՞ն իրենց նախաձեռնությամբ սպանդանոց կառուցել:
Փաշինյանը նշեց, որ առաջինը պետք է հիշել` հուլիսի 1-ից հետո այս թեմայով խոսակցություն պետք է լինի: «Մեր շուկայում հուլիսի 1-ից հետո այլևս 5-րդ ձև կոչվող սերտիֆիկատ չունեցող ոչ մի մսամթերք չի վաճառվելու: Եթե ուզում են հայաստանյան շուկայում իրենց միսը վաճառվի, ապա Արցախի Հանրապետությունն էլ խնդիրն արդեն հայելային ձևով պետք է կարգավորի»,- ասաց նա և, պատասխանելով համայնքներում սպանդանոցներ կառուցելու հարցին, նշեց, որ համայնքները տնտեսական գործունեություն ծավալել չեն կարող:
Վարչապետը ներկայացրեց, որ փետրվարի 6-ին Կառավարության նիստում կանդրադառնան և կընդլայնեն ֆինանսական հնարավորությունները: Նա նաև նշեց, որ որոշման մեջ ինչպես սպանդանոցների կառուցման հարցն է, այնպես էլ՝ կենդանիների տեղափոխմանը:
Վարչապետը անդրադարձավ նաև այն թեմային, որ օրինակ` դժգոհություններ կան այն հարցի շուրջ, որ սպանդ իրականացնողը գումար պետք է վերցնի, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման գործելաոճը հիմա էլ է առկա: Վարչապետը նաև հավելեց, որ Հայաստանում ասֆալտի վրա միս վաճառելու պրակտիկան պետք է բացառվի, սա այլընտրանք չունի:
Նշենք, որ 2019 թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր:


