ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՀՀ-ն 45,3 մլն եվրո վարկ կստանա բժշկական ծառայությունների բարելավման համար. ԱՆ փոխնախարար

ՀՀ-ն 45,3 մլն եվրո վարկ կստանա բժշկական ծառայությունների բարելավման համար. ԱՆ փոխնախարար

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանին 45,3 մլն եվրոյի վարկ կտրամադրի։ Այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Նա նշեց, որ միջոցները կօգտագործվեն առողջապահության ոլորտում ծրագրերի իրականացման համար։ Վարկի մարման ժամկետը կլինի 18 տարի, որից 7 տարին՝ արտոնյալ ժամկետ։

«Միջոցները կօգտագործվեն բժշկական հաստատությունների կառուցման և բարելավման, բժշկական ծառայությունների որակի գնահատման, հաշվետվությունների թվայնացման և ինստիտուցիոնալացման, բժշկական հաստատությունների լիցենզավորման, առողջապահության ոլորտում մարդկային կապիտալի զարգացման, հեռաբժշկության փորձնական նախագծի իրականացման և էլեկտրոնային առողջապահության գործիքների օգտագործման բարելավման համար»,-ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ վերոնշյալ ծրագրի շրջանակներում կարևոր կլինի ոչ միայն ֆինանսական աջակցությունը, այլև Առողջապահության նախարարությանը տրամադրվող տեխնիկական օգնությունը։

Հավելենք, որ Կառավարության նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ:

  • Կիսվել: