շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Քաղաքապետարանն է ապահովում շտապօգնության հերթապահող խումբը՝ դիմում չի ներկայացվել․ ԱՆ-ն պարզում է վրանում մահացած անձի մահվան պատճառը

Քաղաքապետարանն է ապահովում շտապօգնության հերթապահող խումբը՝ դիմում չի ներկայացվել․ ԱՆ-ն պարզում է վրանում մահացած անձի մահվան պատճառը

Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններից մեկում այսօր մահացած տղամարդու առողջական խնդիրների մասին տեղեկությունները ճշտվում են, պարզվում են նաեւ մահվան պատճառները կամ պատճառը:

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը հայտնել է, որ տեղյակ են ողբերգության մասին, սակայն հավելյալ մանրամասներ չեն կարող հայտնել, քանի դեռ դիահերձում չի իրականացվել:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով: 

Քաղաքապետարանից InfoPort.am-ին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետարանն է ապահովում շտապօգնության հերթապահող խումբը, սակայն նման դիմում չի ստացվել․

«Նման դեպքերում բողոքի ակցիայի կազմակերպիչները պետք է գրավոր դիմեն քաղաքապետարանին՝ ըստ կանոնակարգի՝ խնդրելով այնտեղ շտապօգնության հերթապահող խումբ տեղակայել։ Դիմում, սակայն, քաղաքապետարանը չի ստացել, ըստ այդմ, հերթապահող խումբ չի եղել», - նշել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանը։

Քաղաքապետարանի պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ինքնազգացողությունը կտրուկ վատացած քաղաքացու դեպքի կանչով ՇՕ մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց և ուղիղ 6 րոպեում պացիենտը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ինչն արձանագրված է համապատասխան փաստաթղթերում։

 

  • Կիսվել: