շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Լիբանանի նախագահը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ

Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Լիբանանի նախագահը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ

Լիբանանում Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին հատուկ հայտարարությամբ հանդես եկավ նախագահ Միշել Աունը, որը հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը որակեց իբրև համամարդկային գիտակցության վրա խարանված դրոշմ, որը մեզ մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան ժամանակ, քանի դեռ այն կմնա անպատիժ:

Տեղի ունեցան նաեւ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ՝ հայ երեք հարանվանությունների և քաղաքական-հասարակական կազմակերպությունների միասնական համակարգմամբ: Մասնավորապես Լիբանանի մայրաքաղաքում կազմակերպվեց համընդհանուր մոմավառություն, որի մեկնարկը տրվեց ապրիլի 23-ի երեկոյան հայաշատ Բուրջ Համուդի քաղաքապետարանի հրապարակում, այնուհետեւ հատուկ տեսանկարահանող ավտոշարասյունն անցավ հայաշատ թաղամասերով, այցելեց ՀՀ դեսպանություն, որից հետո՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն։

Ապրիլի 24-ին Անթիլիասի մայրավանքի հրապարակում տեղի ունեցավ հիշատակի պատարագ՝ համայնքային միայն 105 ներկայացուցիչների մասնակցությամբ, որին հետևեց ծաղկեպսակների զետեղման արարողություն։ Ինչպես ողջ մոմավառության տեսանկարահանումը, այնպես էլ՝ հիշատակի պատարագը հեռարձակվեցին ուղիղ եթերով Լիբանանի տեղական հեռուստատեսությամբ, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ինտերնետային հեռուստաալիքով։

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ լիբանանյան L’Orient-le-jour հեղինակավոր օրաթերթում տպագրվեց ՀՀ նախագահի հոդվածը՝ «Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը» խորագրով։ Ցեղասպանության զոհերի հանդեպ հարգանքի եւ հիշատակի խոսքով հանդես եկան նաեւ Լիբանանի մի շարք պետական, հասարակական եւ քաղաքական գործիչներ:

  • Կիսվել: