շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Քրիստոս յուրաքանչյուրիս պատգամում է մաքրել մեր սիրտը, ամրապնդել հավատը և ապրել Աստծուն հաճելի կյանքով». Միասնական ժամերգություն Սուրբ Մերկեռիոս եկեղեցում

«Քրիստոս յուրաքանչյուրիս պատգամում է մաքրել մեր սիրտը, ամրապնդել հավատը և ապրել Աստծուն հաճելի կյանքով». Միասնական ժամերգություն Սուրբ Մերկեռիոս եկեղեցում

Արագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատացյալները մեկ սրտով և մեկ հոգով համախմբվել էին միասնական ժամերգության ՝ իրենց աղոթքներն առ Աստված բարձրացնելով Վարդենուտ գյուղի գողտրիկ Սուրբ Մերկեռիոս եկեղեցում։

Միասնական ժամերգության ընթացքում աղոթք բարձրացվեց հայրենիքի խաղաղության ու ապահովության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, Արագածոտնի թեմի սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի շուտափույթ վերադարձի, հոգևոր հայրերի, գերության և անազատության մեջ գտնվող մեր զավակների համար։

Ընթացս Ժամերգության իր խոսքը ներկաներին փոխանցեց Արագածի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը. «Չար և շնացող ազգ» անվանելով՝ Տերը ցույց է տալիս այն մարդկանց հոգևոր վիճակը, ովքեր իրենց սրտերը փակել էին Աստծո առաջ։ Նրանց չարությունը նախևառաջ արտահայտվում էր անհավատությամբ և Աստծո ներկայության հանդեպ կասկածանքով։ Նրանց միտքը հեռացել էր հոգևոր կյանքից, և նրանք, տեսնելով անգամ հրաշքները, շարունակում էին նշաններ պահանջել։

Տեր Հայրն ընդգծեց, որ Նինվեի բնակիչները, լսելով միայն Հովնան մարգարեի քարոզչությունը, ապաշխարեցին և փրկվեցին։ Իսկ Քրիստոսի ժամանակ շատերը, ունենալով նրանցից անհամեմատ մեծ շնորհներ և լսելով հենց Փրկչի խոսքը, չընդունեցին ճշմարտությունը։

Հորդորեց, որ եկեղեցի մտնելիս գիտակցենք՝ մենք գալիս ենք Աստծո հետ հանդիպելու և Նրա հետ խոսելու։ Մեր ներկայությունը եկեղեցում չպետք է պայմանավորված լինի մարդկանց գնահատականներով կամ մարդահաճո լինելու ցանկությամբ, այլ պետք է ուղղված լինի Աստծուն հաճելի կյանք ապրելու ձգտմանը։

Վերջում Տեր Հայրը հիշեցրեց, որ մենք ևս երբեմն կարող ենք նմանվել փարիսեցիներին ու սադուկեցիներին, երբ երկմտում ենք, կասկածում եկեղեցու մասին մտածելիս կամ հավատքը փոխարինում արտաքին ձևականություններով։ Քրիստոս յուրաքանչյուրիս հրավիրում է մաքրել մեր սիրտը, ամրապնդել հավատը և ապրել Աստծուն հաճելի կյանքով»։

Թող Տիրոջ խաղաղությունն ու ողորմությունը մշտապես ուղեկից լինեն մեր ժողովրդին, մեր հայրենիքին և Սուրբ Եկեղեցուն։


  • Կիսվել: