կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Հայի արյուն չի հոսում երակներումս, բայց Հայաստանին կապված եմ հոգով ու սրտով. Գարուն Երևանում կհնչեցնի սիրված ու նոր գործեր

Հայի արյուն չի հոսում երակներումս, բայց Հայաստանին կապված եմ հոգով ու սրտով. Գարուն Երևանում կհնչեցնի սիրված ու նոր գործեր

 Հանրաճանաչ երգիչ, երաժիշտ և դերասան Գարուն, որին ամբողջ աշխարհում լայն ճանաչում բերեց Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» ստեղծագործության համանուն մյուզիքլում Քվազիմոդոյի դերը, և որին շատերը հայ են համարում՝ կարծելով, որ ազգանունը Գարանյան է, Երևանում հանդես կգա երկու մենահամերգով: Համերգներին, որոնք տեղի կունենան ապրիլի 21, 22-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կհնչեն երգչի սիրված ու հայտնի ստեղծագործությունների նոր մշակումներ, նոր երգեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողներն ապրիլի 19-ին հնարավորություն են ունեցել հանդիպելու Գարուի հետ, զրուցելու կայանալիք համերգի, երգչի՝ Հայաստանից ստացած տպավորությունների և այլ հարցերի մասին:

Գարուն առաջին անգամ Հայաստանում ելույթ է ունեցել 2009 թվականին: Ասում է՝ ուրախ է վերադառնալ այստեղ, քանի որ Հայաստանը գեղեցիկ երկիր է, իսկ մարդիկ՝ ջերմ ու հյուրընկալ:

Անդրադառնալով համացանցում տարածված տեղեկություններին, թե ինքը հայ է՝ երգիչը նշում է՝ իր իսկական անունը Պիեռ է, ազգանունը՝ Գարան, ավաղ, ոչ Գարանյան: «Կանադայից եմ, բայց ինձ աշխարհի քաղաքացի եմ համարում, իսկ  Հայաստանի հետ կապված եմ հոգով, սրտով, բայց՝ ոչ արմատներով: Երկար ժամանակով եմ Երևանում և հնարավորություն կունենամ ծանոթանալու, հաղորդակցվելու տարբեր մարդկանց հետ: Մարդկային շփումը շատ եմ կարևորում, գուցե ծանոթանամ հայ երաժիշտների հետ: Չի բացառվում, որ նման դեպքում համագործակցություններ լինեն»,-շեշտում է Գարուն ու հավելում՝  համերգներին կատարելու է ոչ միայն իր, այլև Միշել Լեգրանի, Շառլ Ազնավուրի և այլ մեծերի ստեղծագործություններ:

Խոսելով «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Քվազիմոդոյի կերպարը կերտելու մասին՝ Գարուն տեղեկացնում է, մինչ այդ դերը ջազ, բլյուզ և ռոք խմբերում է նվագել, երգել, հնչեցրել է տարբեր ժանրի երաժշտություն և միշտ ուրախ ու ժպիտով: «Երբ ինձ առաջարկեցին Քվազիմոդոյի կերպարը, որը տխուր է, վիրավոր, ուշադրության կարիք ունի, հասկացա, որ նա շատ է տարբերվում ինձնից, իմ հակառակ կողմն է: Դա տարօրինակ էր, բայց ես ևս իմ մեջ որոշ տխրություն գտա, սիրվելու կարիք, քանի որ բոլոր արտիստներն են ուզում սիրված լինել, և այդ կերպարն իսկապես փոխեց ինձ: Երբեք չեմ ցանկացել հայտնի աստղ լինել, դա իմ ծրագրերում չի եղել, բայց դա տեղի ունեցավ: Կերպարիցս խուսափում էին, իսկ, երբ ես փողոց էի դուրս գալիս, մարդիկ ցանկանում էին հաղորդակցվել ինձ հետ: Շատ պարադոքսալ էր»,-խոստովանում է արտիստը:

Գարուն անտարբեր չէ աշխարհաքաղաքական զարգացումների հանդեպ, սակայն կարծում է, որ արվեստագետը պետք է զերծ մնա քաղաքականությամբ զբաղվելուց: «Արտիստները մարդկանց վրա ազդելու, մարդկանց լայն շրջանակի հետ հաղորդակցվելու հնարավորություններ շատ ունեն, սակայն շատերն իրենց ազդեցությունն օգտագործում են ու խոսում՝ առանց հստակ գիտակցելու, թե ինչի մասին: Իմ հիմնական խնդիրը երաժշտությամբ մարդկանց սրտերին հասնելը, նրանց տխրության դեմ պայքարելն ու  երջանկացնելն է»,-ընդգծում է երգիչն ու նշում, որ իրեն շատ է դուր գալիս հայոց լեզուն, որը գեղեցիկ է, հոսուն ու երգեցիկ: Նրա խոսքով՝ ֆրանսերենը պոետիկ, ռոմանտիկ լեզու է, բայց որոշ շրջանակի պնդմամբ՝ ոչ երգեցիկ, իսկ հայերենը՝ հակառակը:

Գարուհի համերգները կազմակերպվում են Ֆրանկոֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:

Երգեր գրելուց, կատարելուց զատ Գարուն նաև ֆիլմերում է նկարահանվում: Նա նկարահանվել է ֆրանսահայ ռեժիսոր  Էրիկ Կիվանյանի «Սիրո վերադարձ» ֆիլմի գլխավոր դերում: Մի առիթով նշել է, որ սիրով  է համագործակցում հայ ռեժիսորների հետ:

  • Կիսվել: