Հայաստանը շատ պարտաճանաչ է մոտենում Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին․ ՌԴ դեսպան
Հայաստանը շատ պարտաճանաչ է մոտենում Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի աշխատանքներին և մեծ հետաքրքրություն ցուցաբերում դրանց նկատմամբ՝ դիտարկելով դրանք որպես կարևոր մաս երկրի տնտեսության զարգացման հարցում: Այս մասին այսօր «Եվրասիական ինտեգրացիոն տարածքի երկրների արտաքին և ներքին քաղաքականության հարցեր» համաժողովի ժամանակ ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Դեսպանը կարևորել է նման փորձագիտական համաժողովների անցկացումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացների համատեքստում. ըստ դեսպանի, եվրասիական ինտեգրացիայի թեման մշտապես հասարակության, փորձագետների և քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում է:
Կոպիրկինի խոսքով՝ ԵԱՏՄ-ն արդեն կայացել է որպես միություն:
«Եվրասիական տնտեսական միությունը բոլորիս է պետք, այդ թվում՝ Հայաստանին: Հայաստանը շատ ակտիվ մասնակցություն է ունենում ինտեգրացիոն գործընթացներում` միությունը զարգացնելու և կատարելագործելու խնդրով»,- ասաց Կոպիրկինը:
Նա նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում որպես նախագահող երկիր շատ արդյունավետ անցկացրեց Եվրասիական միջկառավարական և Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստերը, որոնց ընթացքում ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքվեցին Իրանի և Սինգապուրի հետ:
Համաժողովին մասնակցում էին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։