շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանը կմիանա ICAO ACT-SAF ծրագրին, ինչը հնարավորություն կտա կրճատելու ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ

Հայաստանը կմիանա ICAO ACT-SAF ծրագրին, ինչը հնարավորություն կտա կրճատելու ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Նիկոլաս Ռալլոյին։
 
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Թաթուլ Հայրապետյանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Սիմոն Ասատրյանը, կոմիտեի թռիչքների անվտանգության պատասխանատու Ժենյա Տեր-Վարդանյանը։
 
Նախարարը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ կողմից վերջին չորս տարվա ընթացքում կատարված բարեփոխումների և ներդրումների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն։
 
Նիկոլաս Ռալլոն իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքների որակի վերաբերյալ։
 
Երկուստեք կարևորվել են ընկերության կողմից մատուցվող ավիաօդերևութաբանական ծառայությունների որակի շարունակական բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, համագործակցությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի և քաղաքացիական ավիացիայի բնագավառի այլ միջազգային կառույցների հետ։
 
Նախարարը ներկայացրել է կլիմայի փոփոխության շրջանակներում ջերմոցային գազերի, արտանետումների, այդ թվում՝ ավիացիոն արտանետումների նվազեցմանն ուղղված աշխատանքները։
 
Այդ համատեքստում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Նիկոլաս Ռալլոն ներկայացրել է 2022 թվականին Մոնրեալում կայացած Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունված մի շարք կարևոր որոշումների մասին, մասնավորապես՝ «Կայուն ավիավառելիք» ունենալու հարցը և ներկայացրել է ICAO ACT-SAF (ICAO Assistance, Capacity-building and Training for Sustainable Aviation Fuels) ծրագիրը։
 
Անդրադառնալով մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների հարցին՝ Նիկոլլաս Ռալլոն նշել է, որ ԻԿԱՕ-ի անդամ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, ստանձնել են պարտավորություն մինչև 2030 թվականը մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումները կրճատել, իսկ մինչև 2050 թվականը՝ հասցնել 0-ի: Դրան կարելի է հասնել՝ «Կայուն ավիավառելիք», ինչպիսիք են սինթետիկ վառելիք, բիովառելիք, արտադրելով։ Այս նախաձեռնությունը ոչ միայն կնպաստի մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների նվազեցմանը, այլև կխթանի տվյալ երկրի տնտեսության զարգացումը։ Յուրաքանչյուր անդամ երկիր, այդ թվում՝ Հայաստանը, կարող է անվճար միանալ ICAO ACT-SAF ծրագրին։ ICAO ACT-SAF ծրագիրը հնարավորություններ կընձեռի անդամ պետություններին՝ զարգացնելու իրենց ողջ ներուժը սինթետիկ վառելիք, բիովառելիք արտադրելու ուղղությամբ։
 
Նախարարը ողջունել է ICAO ACT-SAF ծրագրին միանալու գաղափարը և նշել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է միանալու այդ ծրագրին և զարկ տալու «Կայուն ավիավառելիք» արտադրելու գաղափարին։
 
Նիկոլաս Ռալլոն այցելել է նաև Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն, տեղում ծանոթացել կատարված աշխատանքներին և հետևել մասնագետների կողմից եղանակի դիտարկումների և կանխատեսումների ընթացքին։ Այնուհետև կենտրոնի ղեկավարության հետ քննարկվել է կենտրոնի կարողությունների զարգացման հետագա ընթացքը։
 

  • Կիսվել: