չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստանը և Վիետնամը ընդլայնում են համագործակցությունը կրթության ոլորտում

Հայաստանը և Վիետնամը ընդլայնում են համագործակցությունը կրթության ոլորտում

ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավարությունների մինչև կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրին:

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Վիետնամի Կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:

 

Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հունիսի 5-ին: Նպատակ ունի զարգացնելու և խթանելու երկու երկրների միջև համագործակցությունը: «Համաձայնագրով նախատեսվում են հետազոտողների, դասախոսների, դասավանդող անձնակազմի, ուսանողների և աշակերտների միջև փոխանակման ծրագրեր: Սահմանվում են փոխանակման ծրագրերի հստակ ժամկետներն ու պայմանները, ինչպես նաև տրվում է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդհանուր շրջանակը»,- ներկայացրեց Մարտիրոսյանը:

Նա նաև ներկայացրեց, թե հայկական կողմն ինչ է ստանձնում որպես պարտավորություն, որը փոխադարձության սկզբունքով է գործում: «Ամենակոնկրետ բանը կրթաթոշակային 5 տեղի հատկացում ուսանողների, դասավանդող անձնակազմի՝ դասախոսների և հետազոտողների համար, ՀՀ-ում բակալավրի, մագիստրոսի, դոկտորանտուրայի և ինտերնատուրայի ծրագրերով ուսում ստանալու նպատակով: Սա փոխադարձության սկզբունքով է: Նույն ձևով էլ իրենք 5 տեղ են տալիս մեզ»,- ասաց Մարտիրոսյանը:

Պատգամավոր Նարեկ Բաբայանը հետաքրքրվեց. այսինքն՝ 5 տեղ Հայաստանը հատկացնում է և պետությունը վճարում է Վիետնամից եկած ուսանողների վա՞րձը, որը համապատասխանաբար գործելու է նաև հայ ուսանողների համար Վիետնամում: Նա հետաքրքրվեց նաև, թե արդյոք կա՞ հետաքրքրություն Վիետնամում ինչ-որ բուհերի, մասնագիտությունների հետ կապված, որ հայ ուսանողները գնան:

Փոխնախարարը պատասխանեց, որ այո, փոխադարձության հիմունքներով 5 տեղ է հատկացվում: Դա նախատեսվելու է պետբյուջեի միջոցներից: Նա նաև նշեց, որ դեռ պետք է վիետնամական կողմի հետ բանակցեն, տեսնեն, թե փոխադարձաբար ինչ մասնագիտություններ կարող են առաջարկել, որ բուհերն են շահագրգիռ:

Մարտիրոսյանի խոսքով՝ մինչև հիմա Վիետնամի ուսանողների մեծ հոսք չի եղել, մի քանի հոգի են սովորել, նա հույս հայտնեց, որ համաձայնագիրը հնարավորություն կտա այդ հոսքը շատացնել:

  • Կիսվել: