հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ու Արգենտինայի դեսպան այցելել են Սյունիքի մարզ

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ու Արգենտինայի դեսպան այցելել են Սյունիքի մարզ

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը և Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան մարտի 23-ին այցելել են Սյունիքի մարզ՝ ծանոթանալու Արգենտինայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերին։

Նրանց էր միացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Զարուհի Ազնաուրյանը, Արգենտինայի հայ համայնքի թղթակից և ներկայացուցիչ Լեոնարդո Մումջյանը և Հայ օգնության ֆոնդի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը։

Նրանք միասին այցելեցին Գորիսի թիվ 2 դպրոց, որտեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը դպրոցական կահույք էր տրամադրել դասասենյակների, դպրոցի գրադարանի և հաշմանդամություն ունեցող աշակերտների համար նախատեսված վերականգնողական սենյակի համար՝ այդպիսով բարելավելով շուրջ 400 աշակերտի կրթական միջավայրը: Այս նախաձեռնության արդյունքում Սյունիքի մարզի հինգ դպրոցներ նման աջակցություն են ստացել:

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի հետ քննարկվել են Արգենտինայի աջակցությամբ Սյունիքում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև երեխաների ու նրանց ընտանիքների կարիքները։

«Չնայած հեռավորությանը՝ Արգենտինայի հայերը շատ կապված են իրենց նախնիների երկրի հետ և անհանգստացած ստեղծված իրավիճակով, որը շատ ընտանիքների վրա է ազդել: Արգենտինան պատրաստ է աջակցել երեխաների և նրանց ընտանիքների վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերին: Այսօր անձամբ տեսա մի շարք ոլորտներում համատեղ աշխատանքի արդյունքները», - նշել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան։

Պատվիրակությունն այցելել է նաև Գորիսի թիվ 5 մանկապարտեզ, ուր հաճախում է 3-5 տարեկան 120 երեխա:

Մանկապարտեզը վերանորոգվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից Գորիսի քաղաքապետարանի և ՀՕՖ-ի հետ համագործակցությամբ։ Մանկապարտեզն ավելի քան 50 տարի չէր վերանորոգվել, իսկ շենքի տանիքն արդեն վնասվել էր, ինչը վտանգի էր ենթարկում երեխաներին: Վերանորոգման շրջանակում շենքն այժմ ունի ջեռուցման նոր համակարգ, կոյուղի, բարեկարգված և գործող կաթսայատուն, վերանորոգված չորս խմբասենյակներ, միջանցքներ, միջոցառումների սրահ, ճաշարան, սննդի պահեստ և նոր տանիք։

Պատվիրակությունն այցելել է նաև Վերիշեն գյուղի մշակույթի և արվեստի հին տուն, որտեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ աշխատելու է երիտասարդական կենտրոնի հիմնման և վերանորոգման ուղղությամբ՝ խթանելու Վերիշեն և Գորիս համայնքների դեռահասների քաղաքացիական ակտիվությունը և նպաստելու ոչ ֆորմալ կրթության ընդլայմանը:

«Արգենտինայի հայ համայնքի աջակցությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ին հնարավորություն տվեց ընդլայնել իր ծրագրերը Սյունիքի մարզում՝ հանուն տարբեր տարիքային խմբերի երեխաների: Այս տարի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ մենք աշխատելու ենք նաև Շիրակի մարզում՝ Արթիկում երիտասարդական կենտրոն հիմնելու, ինչպես նաև Գյումրիում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի վերանորոգման ուղղությամբ»,- ասել է Քրիսթինե Վայգանդը։

  • Կիսվել: