կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանում կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ 2019-ի հունվարի 1-ի դրությամբ

Հայաստանում կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ 2019-ի հունվարի 1-ի դրությամբ

Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 965.3 հազ. մարդ: Այս ցուցանիշը 2018 թվականի տարեսկզբի համեմատ նվազել է 7.4 հազ. մարդով, InfoPort.am-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:

Ըստ նույն աղբյուրի, 2019-ի տարեսկզբին քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է 63.9%, իսկ գյուղականը՝ 36.1%: 2019-ի տարեսկզբին Հայաստանի մշտական բնակչության կառուցվածքում 47.3%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.7%-ը` կանայք:

Բնակչության միջին տարիքը 2019թ.-ի տարեսկզբի դրությամբ կազմել է 36.7 տարի, տղամարդկանց համար` 34.6, իսկ կանանց համար` 38.5 տարի: 2019-ի հունվարի 1-ի դրությամբ մեր երկրի մշտական բնակչության կառուցվածքում 0-15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը կազմել է 21.5%, աշխատունակ տարիքինը` 64.4, իսկ աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը` 14.1%: Մասնագետների դիտարկմամբ, Հայաստանում բնակչության ծերացումը լուրջ խնդիր է, որը բնակչության վերարտադրության, ծնելիության, մահացության, ինչպես նաև, մասամբ միգրացիայի հետևանք է:

Ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմում է 7%-ից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացող. այդ ցուցանիշը 2019-ի տարեսկզբի դրությամբ Հայաստանում կազմել է 11.9%:

  • Կիսվել: