շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանն անում է հնարավորը՝ ավելի մեծ թվով մարդկանց պատվաստելու համար. Թորոսյան (տեսանյութ)

Հայաստանն անում է հնարավորը՝ ավելի մեծ թվով մարդկանց պատվաստելու համար. Թորոսյան (տեսանյութ)

«Առերեսվելով համաշխարհային վախին՝ մեկ տարի անց» խորագրով՝ կորոնավիրուսի նոր մարտահրավերներին նվիրված առցանց քննարկման ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն ասել է, որ աշխարհը մեծ անորոշությունների ժամանակաշրջան է ապրում՝ կորոնավիրուսով պայմանավորված, սակայն սա պետք է ընկալենք նաև հնարավորությունների ժամանակաշրջան, երբ կարելի է սովորել, թե ինչպես պետք է վարվել և գործել նման արտակարգ իրավիճակներում:

Թորոսյանը բարձր է գնահատել կարճ ժամանակահատվածում պատվաստանյութի ստեղծումը: Նա ասել է, որ չի կարծում, թե մոտ ժամանակներում մարդիկ կարող են վերադառնալ նորմալ կյանքի, բայց պետք է ամեն ինչ անել դրա համար: Ըստ Թորոսյանի՝ պատվաստումներն առաջնահերթություն են Հայաստանի համար, և Կառավարությունը հնարավոր ամեն ինչ կանի, որ Հայաստանում հնարավորինս շատ մարդ պատվաստվի:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ չնայած մի կողմից մեծ համագործակցություն կա տարբեր երկրների միջև պատվաստանյութի ստեղծման հարցում, բայց կա նաև տարբեր երկրների կղզիացում այդ հարցում: Նա նաև հույս է հայտնել, որ կորոնավիրուսի չորրորդ ալիքին ընդառաջ Հայաստանն ավելի պատրաստված կգնա՝ մեծ թվով մարդկանց պատվաստելով: Ըստ Ավանեսյանի՝ Կառավարությունը պատվաստումները համարում է վարակի հաղթահարման հիմնական միջոցներից մեկը, որը թույլ կտա մարդկանց վերադառնալ բնականոն կյանքի:

Նա նաև կարևորել է պատվաստանյութերի դեմ քարոզչությանը հակազդելը՝ նշելով, որ այդ ուղղությամբ նույնպես նախատեսված է ծավալուն աշխատանք: Ավանեսյանը նաև նշել է, որ պատվաստանյութ ստանալու գործընթացը տեղի է ունենում ոչ այնքան արագ, որքան պլանավորվել էր, քանի որ Հայաստանի կառավարությունը հույս ուներ առաջին խմբաքանակը ստանալ դեռևս փետրվարին:

  • Կիսվել: