կիրակի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2024
Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազել է․ ԿԲ նախագահ

Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազել է․ ԿԲ նախագահ

Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվն էապես նվազել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝  դա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ մեզ մոտ և ՌԴ–ում էապես նվազել են իրական աշխատավարձերի տարբերությունները։

«Մեր աշխատանքային միգրանտները Ռուսաստանում աշխատավարձ են ստանում ռուսական ռուբլով, որի փոխարժեքը բավականին բարձրացել է, և երբ այն փոխանակում ես հայկական դրամով, մոտավորապես նույն աշխատավարձն է դառնում, ինչը կարելի է ստանալ ՀՀ-ում, օրինակ, շինարարության ոլորտում»,- նշեց Գալստյանը։

Գալստյանը նկատեց՝ մեր քաղաքացիները գնալով ավելի նախընտրում են աշխատանք գտնել հենց մեր երկրում։

Նա նաև նշեց, որ հաջորդ տարի այն սեզոնին, երբ հիմնականում սկսվում են միգրացիոն հոսքերը, մտադիր են արտագնա աշխատանքի մեկնող մեր համերկրացիների շրջանում հարցում իրականացնել։

«Հարցումը կլինի երկու ուղղությամբ` ուզում ենք հասկանալ արտագնա աշխատանքի մեկնելու նրանց մոտիվները, գնալ-չգնալն ինչով է պայմանավորված։ Բացի այդ, պետք է հասկանանք, թե դրամական հոսքերը ՀՀ ինչ եղանակով են տեղափոխվում. դրամական փոխանցումները դեպի մեր երկիր գնալով ավելի են բարդանում։ Արդյոք մեր քաղաքացիներն այդ առումով փոխե՞լ են իրենց վարքագիծը, քանի որ մի պահ հասել էինք 100 տոկոսանոց դրամական փոխանցումների մակարդակի, քանի որ դրանք հարմար էին ու էժան։ Մինչդեռ արևմտյան պատժամիջոցների ֆոնին, ստացվում է, մարդիկ էլի նախընտրում են գումարը կանխիկ բերել տուն»,-ասաց ԿԳ նախագահը:

  • Կիսվել: