«Հայաստանի Հանրապետություն». Տրանսպորտային ոլորտի չկարգավորված խնդիրները․ Պատրա՞ստ է շարքային քաղաքացին երթուղային վճարի թանկացմանը
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․
«Տրանսպորտի խնդիրը Երեւանի համար, կարելի է ասել, տասնյակ տարիների պատմություն ունի: Նախորդ իշխանությունները եւս տարիներ շարունակ փորձում էին լուծում տալ այս խնդրին՝ նոր տրանսպորտային ցանց ու նոր համակարգ ստեղծելու միջոցով:
Դեռեւս 2017 թ. սկզբին Երեւանի նախկին քաղաքապետի հանձնարարությամբ ձեւավորվեց մասնագիտական աշխատանքային խումբ։ Հայտարարվեց միջազգային մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված բրիտանական WYGI խորհրդատվական ընկերությունը սկսեց աշխատել Երեւանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի նախագծման ուղղությամբ։ Այն ժամանակ ընկերությանը մայրաքաղաքային բյուջեից 800 հազար եվրո էր վճարվել։ Այդ գումարի դիմաց մշակված նոր տրանսպորտային ցանցով նախատեսվում էր ներկայիս 2039 տրանսպորտային միջոցների փոխարեն քաղաքում ընդամենը 850 մեծ ու միջին չափի ավտոբուսներ ու 89 տրոլեյբուս շահագործել։
WYGI խորհրդատվական ընկերության կատարած աշխատանքի առնչությամբ նախորդ տարեվերջին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, թե «Դա ընդամենը ցանցի գծումն էր, թե ցանցն ինչ տեսք պիտի ունենա, այնտեղ ֆինանսական կոմպոնենտ չի եղել», ապա հավելել, որ ծրագիրն իրականացնելու համար 150-250 մլն դոլարի վարկ է հարկավոր:
«Մրցույթ հայտարարելու համար պետք է տեխբնութագիր գրվի, իսկ դրա համար միջազգային մասնագետներ են գալիս, որ օգնեն մեզ այդ հարցում»,- նշել էր քաղաքապետը:
Ինչպես հասկանում ենք, մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրը մինչեւ վերջնական լուծում ստանալը դեռ շատ «ջուր է քաշելու»: Եվ դա պայմանավորված է այն բանով, որ անհրաժեշտ են մեծ գումարներ, ճիշտ ու մտածված ծրագիր, ենթակառուցվածքներ, ինչպես նաեւ հետագա աշխատանքի ճիշտ կազմակերպում: Բայց այս ամենից բացի կա մեկ խնդիր եւս: Նմանատիպ ֆունդամենտալ փոփոխություններն անխուսափելիորեն հանգեցնելու են երթուղային վճարի թանկացման: Պատրա՞ստ է, արդյոք, դրան շարքային քաղաքացին...»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։