Հայաստանի և Լեհաստանի պետական արխիվները ու Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնը հուշագիր կստորագրեն
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ, լեհ պատմաբան, հայագետ Յակուբ Օշիեցկուն: Հանդիպմանը նշվել է, որ փոխգործակցության շրջանակում նախատեսվում է հուշագրի ստորագրում՝ Հայաստանի ազգային արխիվի, Լեհաստանի պետական արխիվի և Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնի միջև:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի ազգային արխիվից, զրուցակիցներն անդրադարձել են Լեհաստանում հայկական համայնքի նշանակությանը, հայերի նկատմամբ ցուցաբերվող պետական բարձր հոգածությանը, մասնավորապես, Լեհաստանի Սեյմի 2017թ.-ին ընդունած «Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանի հայերին շնորհված արտոնությունների 650-ամյա տարեդարձի մասին» հատուկ բանաձևին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, գիտության ու կրթության ոլորտներում փոխգործակցությանը: Այդ համատեքստում Յակուբ Օշիեցկին նշել է, որ Հայաստանի ազգային արխիվի և Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնի միջև համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին։
«Գրիգոր Արշակյանը, բարձր գնահատելով հայագիտության ոլորտում օտարազգի գիտնականների կատարած նշանակալի ներդրումը, պատրաստակամություն է հայտնել աջակցել Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնին:
Նշվել է, որ փոխգործակցության շրջանակում նախատեսվում է հուշագրի ստորագրում՝ Հայաստանի ազգային արխիվի, Լեհաստանի պետական արխիվի և Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ երկուստեք կարևորվել է հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համատեղ հետազոտությունների կատարումն ու միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև փոխադարձ այցելությունների միջոցով փորձի փոխանակումը: