երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հայաստանցիների 70 տոկոսը չի պատրաստվում արտագաղթել կամ մեկնել արտագնա աշխատանքի. հարցում

Հայաստանցիների 70 տոկոսը չի պատրաստվում արտագաղթել կամ մեկնել արտագնա աշխատանքի. հարցում

Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը  չի պատրաստվում մեկնել երկրից` ոչ մշտական բնակության, ոչ էլ ժամանակավոր աշխատանքի նպատակով: Այս մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի Խորը վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ- Հայաստան հիմնադրամի կողմից իրականացված հարցման տվյալները:

Ինչպես ասված է «Հայաստանի բնակիչների հանրային կարծիքի ուսումնասիրություն» սոցիոլոգիական հետազոտության զեկույցում, «Հնարավորության դեպքում կմեկնե՞ք մեկ այլ երկիր՝ մշտական բնակության» հարցին հարցվողների 70 տոկոսը պատասխանել է բացասաբար, 5 տոկոսն ավելի շուտ բացասաբար, 5 տոկոսն ավելի շուտ դրական և 17 տոկոսը՝ դրական, իսկ 3 տոկոսը դժվարացել է կամ հրաժարվել է պատասխանել:

«Հնարավորության դեպքում կգնայի՞ք արտերկիր` ժամանակավորապես այնտեղ աշխատելու» հարցին բացասական պատասխան է տվել հարցվողների 57 տոկոսը, 5 տոկոսը պատասխանել է ավելի շուտ բացասաբար, 8 տոկոսը տվել է ավելի շուտ դրական և 28 տոկոսը՝ դրական պատասխան։ Հարցին դժվարացել է կամ հրաժարվել է պատասխանել հարցվածների 2 տոկոսը:

  • Կիսվել: