երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հայ բժիշկների կողմից Դհոկ քաղաքում իրականացվում է անվճար հիմունքներով բարդ վիրահատությունների ծրագիր

Հայ բժիշկների կողմից Դհոկ քաղաքում իրականացվում է անվճար հիմունքներով բարդ վիրահատությունների ծրագիր

Մայիսի 24-ին հայ բժիշկների պատվիրակությանն ընդունել է Դհոկի նահանգապետը, ինչպես նաև նահանգապետարանի բուժվարչության գլխավոր տնօրենը, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Ինչպես հայտնում է Իրաքում ՀՀ դեսպանությունը, նահանգապետն իր երախտագիտությունն է հայտնել հայ բժիշկներին՝ անշահախնդիր մարդասիրական առաքելության կյանքի կոչման համար։

Նշվում է, որ մայիսի 23-ից Իրաքյան Քուրդիստանի Դհոկ քաղաքի ակնաբուժական կենտրոնում մեկնարկել է մարդասիրական նպատակներով և անվճար հիմունքներով բարդ վիրահատությունների ծրագիրը, որն իրականացվում է Երևանի «Աստղիկ» հիվանդանոցի ակնաբուժական կենտրոնի տնօրեն, դոցենտ Թադևոս Հովհաննիսյանի գլխավորությամբ՝ չորս հոգուց բաղկացած ակնաբույժների կողմից:

ՀՀ կառավարության աջակցությամբ և Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների նախաձեռնությամբ մեկնարկած ծրագրի շրջանակներում մինչ մայիսի 29-ը հայ բժիշկների կողմից կկատարվեն մեկ տասնյակից ավելի վիրահատություններ։

Տվյալ մարդասիրական առաքելությունն իրականացվում է հայ-իրաքյան բազմակողմ համագործակցության շրջանակներում՝ ի նշան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացման պատրաստակամության։

 

  • Կիսվել: