Հանրային հեռուստաընկերության և ԱրՊՀ-ի միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր
Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Արցախի պետական համալսարանի միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր:
Հուշագիրը ստորագրել են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը:
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը կարևորել է հուշագրի ստորագրումը և այն անհրաժեշտություն համարել։ Նրա խոսքով՝ հուշագիրը հնարավորություն կտա ԱրՊՀ-ի համապատասխան ստորաբաժանման ուսանողներին և աշխատակիցներին էլ ավելի կատարելագործվելու՝ օգտագործելով հանրային հեռուստատեսության ներուժը:
«Մեր ուսանողները հնարավորություն կունենան Հայաստանի հանրային հեռուստատեսությունում փորձուսուցում անցնելու, հետագայում նաև ստեղծելու այնտեղ աշխատելու հնարավորություն: Մեր ուսանողները նաև հնարավորություն կստանան տարբեր նեղ մասնագիտական հմտություններ ձեռք բերելու»,- ավելացրել է Ա. Սարգսյանը:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի խոսքով՝ հուշագրի ստորագրումը նպատակ ունի ամրացնելու կապերը կրթական ոլորտում:
«Հուշագրի միջոցով Արցախում կսկսենք մասնագիտական դասընթացներ՝ մեդիայի գծով: Դրանք կլինեն հաղորդավարական, լրագրողական և պրոֆիլային տարբեր մեդիամասնագետների կրթական կուրսեր: շատ կարևոր է, որ մենք տարբեր մասնագետների կգործուղենք Արցախ, որպեսզի կարողանանք առանձին մասնագիտական խմբեր ստեղծել: Պարտադիր չէ, որ այդ դասընթացների մասնակիցները լինեն միայն Արցախի պետական համալսարանից. կարող են լինել դիմորդներ այլ բուհերից: Մեր 65-ամյա հեռուստաընկերության կուտակած փորձը կփոխանցենք երիտասարդ մասնագետներին: Այս կերպ մենք կկարողանանք ընտրել լավագույն կադրերին: Շատ կարևոր է, որ Արցախի մասին պատրաստվեն այնպիսի ռեպորտաժներ, որոնք կհետաքրքրեն աշխարհին»,- մասնավորապես ասել է Հովհ. Մովսիսյանը:
Նա տեղեկացրել է, որ այսօր հուշագիր է կնքվել նաև Արցախի հանրային հեռուստատեսության հետ: Այսուհետ հանրային հեռուստաընկերության եթերում ֆիքսված եթերաժամեր կտրամադրվեն Արցախի հանրայինին՝ հատուկ ռեպորտաժներով ներկայանալու համար: