երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հանրային խորհրդում Ամուլսարի հարցով ձևավորված աշխատանքային խումբը նիստ է անցկացրել

Հանրային խորհրդում Ամուլսարի հարցով ձևավորված աշխատանքային խումբը նիստ է անցկացրել

Հանրային խորհրդում Ամուլսարի հարցով ձևավորված աշխատանքային խումբը նախհերթական աշխատանքային նիստն է անցկացրել, որին մասնակցել են ոլորտի փորձագետներ։

Նիստի ընթացքում քննարկվել են պետական մարմինների կողմից՝ ՀԽ նամակներին ի պատասխան ներկայացված տվյալներն ու տեղեկությունները։

ՀԽ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փորձագետներին հանձնարարվել է լրացուցիչ ուսումնասիրել ձեռք բերված տեղեկատվությունը և հաջորդ նիստին ներկայացնել իրենց տեսակետը։

Աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա տասն օրվա ընթացքում։

Մինչև դեկտեմբերի 10-ը աշխատանքային խումբն իր ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնի Հանրային խորհուրդ, որից հետո խորհուրդը կներկայացնի դիրքորոշում Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Ամուլսարի հանքավայրի հիմնախնդրի վերաբերյալ Հանրային խորհուրդը փակ նիստ էր անցկացրել, որին մասնակցել էին ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ արդարադատության նախարարությունների պաշտոնյաներ, բնապահպաններ, երկրաբաններ, ջրային ռեսուրսների, առողջապահության և հարակից այլ ոլորտների մասնագետներ։

Որոշվել էր Հանրային խորհրդում ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն ոլորտի մասնագետներ, և խնդիրը համակողմանիորեն ուսումնասիրելուց, բոլոր կողմերի ներկայացրած փաստերն ու հետազոտությունների արդյունքները վերլուծելուց հետո կձևավորվեր Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ Հանրային խորհրդի դիրքորոշումը։

Աշխատանքային խմբի համակարգողն է ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը: Աշխատանքային խմբում ներգրավված են Հանրային խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Լարիսա Ալավերդյանը, Լևոն Գրիգորյանը, Վարդան Համբարձումյանը, Արսեն Ղազարյանը և Կորյուն Առաքելյանը:

  • Կիսվել: