չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Համապետական աշնանային ծառատունկի շրջանակում կտնկվի 260 հազար ծառ

Համապետական աշնանային ծառատունկի շրջանակում կտնկվի 260 հազար ծառ

Հայաստանում «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում նոյեմբերի 14-ին կանցկացվի համապետական աշնանային ծառատունկ: Ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Տիգրան Գեղամյանը նշեց, որ նախատեսվում է տնկել շուրջ 260 հազար ծառ, որից 200 հազարը «Հայանտառ» տնտեսության տարբեր մասնաճյուղերում, 50 հազարը տրամադրվելու է տարբեր տեղական ինքնակառավարման մարմիններին:

«Այս տարի նորամուծություն ենք կիրառելու, 10 հազար ծառ էլ տրամադրվելու է տարբեր կազմակերպությունների ու ընկերությունների: Նպատակը հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորումն է և շրջակա միջավայրի խնդիրների լուծման գործում քաղաքացիներին ներգրավվելն է: Մեր նպատակն է մասնավոր հատվածին ևս ներգրավել այս գործընթացում, իսկ ծառատունկի ընթացքում «Հայանտառ»-ի մասնագետները կլինեն իրենց կողքին, կուղղորդեն, տարածքներ կնախանշեն, որ ծառատունկն իրականացվի ճիշտ կերպով»,-ասաց Տիգրան Գեղամյանը:

Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը նշեց, որ արդեն մասնավոր հատվածից արձագանքներ կան: Մասնագետի խոսքով, լայնածավալ անտառապատման աշխատանքներն ուղղված են օդի աղտոտվածության, հողերի դեգրադացման, կլիմայի դեմ պայքարի խնդիրների լուծմանը: «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում արդեն նախորդ և այս տարի տնկվել է շուրջ 702 հազար 280 ծառ:

  • Կիսվել: