երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համագործակցության համաձայնագիր՝ ԱՍՀ նախարարության և ՀՕՖ-ի «Երեխաների պաշտպանության կենտրոնի» միջև

Համագործակցության համաձայնագիր՝ ԱՍՀ նախարարության և ՀՕՖ-ի «Երեխաների պաշտպանության կենտրոնի» միջև

Կարևորելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը և այդ համատեքստում երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման, ինչպես նաև խնամատարության զարգացման ուղղությամբ աշխատանքների կատարելագործումը՝ համաձայնագիր է ստորագրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն»-ի միջև։

Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, օգտագործելով նախարարության և հիմնադրամի ներուժը՝ կողմերը համագործակցելու են երեխաների հիմնահարցերի ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրերի, մասնավորապես, երեխաների՝ իրենց կենսաբանական կամ հարազատ ընտանիքների հետ վերամիավորման, խնամատար ինստիտուտի զարգացման, բռնության ենթարկված երեխաների պաշտպանության կազմակերպման և այլ ուղղություններով։

Ըստ աղբյուրի՝ համաձայնագրի շրջանակում մշակվելու են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց վերապատրաստման դասընթացի մոդուլներ, ընտանիքի և աջակցության կենտրոնների շուրջօրյա բաղադրիչում խնամք ստացող երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման աշխատանքների մեթոդական ուղեցույցներ։

Նշվում է, որ կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են կառուցողական և շարունակական փոխգործակցության դերը՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման գործում։

 

  • Կիսվել: