«ՀԱԷԿ» ՓԲԸ աշխատակիցների առողջական վիճակի կասկածի դեպքում անձն ուղղորդվում է պոլիկլինիկա
Կայանի տարածք մուտք գործելիս/կայանից դուրս գալիս հսկիչ-անցագրային կետում «ՀԱԷԿ» ՓԲԸ բուժ-պրոֆիլակտիկ բաժնի աշխատակիցները կատարում են ջերմաչափում, ճշտում աշխատողների առողջական վիճակը և կասկածի դեպքում աշխատակիցն ուղղորդվում է պոլիկլինիկա:
«ՀԱԷԿ» ՓԲԸ անձնակազմին տեղափոխող վարորդներն ապահովված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով և հակաբակտերիալ նյութերով: ՀԱԷԿ-ի արտադրատարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Իրականացվում է մակերևույթների համակարգված մաքրում:
Ամեն աշխատանքային օր սկսվում է յուրաքանչյուր արտադրամասում նպատակային հրահանգավորմամբ: Աշխատակիցներին տրամադրվում են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ, որոնցում բերված են վիրուսի կանխարգելման անհատական վարքագծի կանոնները և ախտահանման միջոցառումների վերաբերյալ պահանջները: Շտապ իրականացվել է կանխարգելիչ միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների և նյութերի ձեռքբերումը: Կայանի տարածքում գտնվող բոլոր աշխատակիցները կրում են դիմակներ և պարբերաբար իրականացնում են ախտահանման միջոցառումներ: Նվազագույնի է հասցվել աշխատակիցների անմիջական շփումը, փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է բացառապես էլեկտրոնային տարբերակով:
Գրասենյակային աշխատողների մեծ մասն աշխատում է տանից` հեռավար տարբերակով: Չնայած արտակարգ իրավիճակով պայմանավորված կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացնվող միջոցառումների մեծ ծավալին՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությունը ամենօրյա գործողությունները համակարգում է այնպես, որ ապահովվի էներգաբլոկի անխափան ու անվտանգ շահագործումը և աշխատակիցների առողջական վիճակի մշտական վերահսկումը: