երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Գործադիրը ստանձնում է մինչև 2030 թ. ջերմոցային գազերի արտանետումները 1990-ի մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու հանձնառություն. նախարար

Գործադիրը ստանձնում է մինչև 2030 թ. ջերմոցային գազերի արտանետումները 1990-ի մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու հանձնառություն. նախարար

Այսօր ՀՀ կառավարությունը հաստատեց Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թթ․ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (ԱՍԳ)։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«2019 թ. Մադրիդում կայացած՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 25-րդ համաժողովում (COP25), երկրները հայտարարեցին Փարիզյան համաձայնագրի ներքո համատեղ հավակնությունների ընդլայնման անհրաժեշտության մասին:

Սույն փաստաթղթով Կառավարությունը հռչակում է իր հանձնառությունը մինչև 2030 թ. ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները 1990 թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 %-ով նվազեցնելու մասին։

ՀՀ կառավարությունը դեռևս 2015 թ. սեպտեմբերին ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը ներկայացրել էր իր Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումները, որը 2017 թ. փետրվարին Փարիզյան համաձայնագրի վավերացմամբ դարձավ Հայաստանի առաջին Ազգային մակարդակով սահմանված գործողությունները 2015-2050 թթ. ժամանակահատվածի համար։

Վերանայված՝ 2021-2030 թթ․ ԱՍԳ-ով Հայաստանը ներդաշնակեցնում է ԱՍԳ ժամկետ-ները երկրների մեծամասնության, այդ թվում՝ ԵՄ-ի և նրա անդամ պետությունների համար սահմանված ժամկետներին՝ սահմանելով 10-ամյա ժամանակահատված:

Վերանայված ԱՍԳ-ն սահմանում է նաև այն առաջնահերթ ոլորտները, որոնցում կիրականացվեն գործողություններ ցածր-ածխածնային զարգացման ապահովման և կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների հարմարվողականության ուղղությամբ։ Այն հիմնված է կանաչ տնտեսություն սկզբունքի վրա և համատեղելի է Կայուն Զարգացման Նպատակների հետ, որոնք արտացոլված են Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներում:

Փաստաթղթի կարևոր բաղադրիչ է նաև թափանցիկության ընդլայնված շրջանակը, որով կապահովվի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի հանձնառությունների իրագործման առաջընթացի հաշվետվողականությունը։
Փաստաթղթի մշակման համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն աջակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ կողմից իրականացվող «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագիրը»,- հայտնել է նախարարը:

  • Կիսվել: