Գործ ունենք Հայաստանի Հանրապետության և նրա ինքնիշխանության դեմ սադրանքի հետ․ Արման Բաբաջանյան
Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել է, որ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Գլխավոր դատախազություն՝ կապված Հայաստանում գործող կենսալաբորատորիաների հետ, որոնք ստեղծվել են ԱՄՆ աջակցությամբ: Ըստ Կոչուբաևի՝ ինքը նամակ է ստացել արտերկրի մի խումբ հայրենակիցներից, որոնք հայտնում են, որ այդ լաբորատորիաները սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգությանը, և դրանցում իրականում ստեղծվում են վտանգավոր հարուցիչներ: Փաստաբանը հայտարարել է, թե առաջիկայում հանդես կգա այս թեմայով ավելի ծավալուն հրապարակմամբ:
Անկախ նրանից, թե ինչ հավելյալ տեղեկություններ կներկայացնի սույն փաստաբանը, ակնհայտ է, որ գործ ունենք հստակ մշակված սադրանքի հետ, սադրանք, որն ուղղված է ընդդեմ Հայաստանի Հանրապետության ու նրա ինքնիշխանության։ Բանն այն է, որ տևական ժամանակ է, ինչ Ռուսաստանը տարբեր խողովակներով ու տարբեր հարթակներում դժգոհություններ է հայտնում ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանում ստեղծված այդ կենսալաբորատորիաների առնչությամբ։ Հայաստանի իշխանությունն ի պատասխան բազմիցս հայտարարել է, որ թեև այդ կենսալաբորատորիաները ստեղծվել են ամերիկյան աջակցությամբ, սակայն դրանք պատկանում են Հայաստանին, Հայաստանի Հանրապետության սեփականությունն են, և այնտեղ չի իրականացվում որևէ սպառնալից մշակում:
Հայաստանը հայտարարել է նաև, որ պատրաստ է ռուս մասնագետներին հնարավորություն տալ այցելելու լաբորատորիաներ և տեղում համոզվելու իրերի դրությանը: Ամիսներ առաջ նախատեսվում էր այս խնդրի առնչությամբ հայ-ռուսական համաձայնագրի ստորագրում, սակայն այն հետաձգվեց, քանի որ կողմերը կարծես թե չեն գալիս վերջնական համաձայնության: Այս կենսալաբորատորիաների վերաբերյալ տարբեր հայտարարություններ են հնչել նաև Չինաստանից, Իրանից, սակայն գերակշռողը դրանց առնչությամբ ռուսական կասկած-մեղադրանքներն են, որոնք այժմ էլ ստանում են նման տեսք՝ ի դեմս փաստաբանի ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդման։ Ակնհայտորեն, սա այս ուղղությամբ ռուսական քաղաքական-քարոզչական շահի սպասարկմանն ուղղված սադրանք է, որին որևէ պարագայում Հայաստանի Հանրապետությունը չպետք է տուրք տա։
Պաշտոնական Երևանը պետք է շարունակի պնդել ինքնիշխանության դիրքերից բխող իր մոտեցումը՝ միևնույն ժամանակ վերահաստատելով պատրաստակամությունը այդ կենսալաբորատորիաները ռուս, անհրաժեշտության դեպքում նաև չինացի, իրանից մասնագետներին հասանելի դարձնելու հարցում։ Այդ լաբորատորիաները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար, և որևէ պարագայում չի կարող կասկածի տակ առնվել դրանք գործունեությունը։ Ճիշտ հակառակը՝ այս հարցում Հայաստանը պետք է լինի պրոակտիվ ու բոլոր հնարավոր միջոցներով ավելացնի, հզորացնի իր լաբորատոր կարողությունները՝ այդ հարցում համագործակցելով առաջին հերթին նույն Ռուսաստանի, հնարավորության դեպքում՝ նաև այս հարցում շահագրգիռ այլ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ։
Ինչ վերաբերում է փաստաբանի հայտարարությանը, այն ևս մեկ անգամ գալիս է վկայելու, որ Հայաստանի անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները բխում են ոչ միայն ու ոչ այնքան օտար ափերից, որքան դրանց ծառայելու պատրաստ տեղական կոլաբորացիոնիստներից։ Եթե Ռուսաստանի մոտեցումը այս հարցում կարելի է արդարացնել սեփական քաղաքական-աշխարհաքաղաքական շահերով, ապա առողջ բանականությունը որևէ բացատրություն չի կարող գտնել այն մարդկանց գործողություններում, ովքեր նյութական կամ այլ՝ ավելի վտանգավոր շահերից ելնելով՝ պատրաստ են Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության դեմ ուղղված քայլերի։
Ինքս՝ որպես ԱԺ պատգամավոր, հետևողական եմ լինելու այս խնդրում և բոլոր հնարավոր միջոցները գործադրելու եմ առանձին վերցրած այս հարցում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պաշտպանելու գործում։ Հայաստանին պատկանող կենսալաբորատորիաները պետք է շարունակեն գործել՝ բաց լինելով այդ հարցում համագործակցության պատրաստ մեր բոլոր գործընկերների առաջ։ Դրանք շարունակելու են գործել՝ ի հեճուկս բոլոր պետությունների ու նրանց շահերի սպասարկմանը լծված հինգերորդ շարասյան ներկայացուցիչների։
Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր, Հանուն Հանրապետության նախաձեռնության անդամ


