կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գիրք նվիրելու օրը հայ հեղինակներն իրենց ստեղծագործությունները նվիրեցին ընթերցողներին

Գիրք նվիրելու օրը հայ հեղինակներն իրենց ստեղծագործությունները նվիրեցին ընթերցողներին

Գիրք նվիրելու օրվա առթիվ, որը նշվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանի գրողների միության անդամները, այլ գրողներ, հետևելով արմատավորված ավանդույթին, միության պոեզիայի այգում իրենց լավագույն ստեղծագործությունները նվիրեցին դպրոցականներին, ուսանողներին, գրքի բարեկամներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նկատեց, որ մի քանի տարի անց կլրանա Գիրք նվիրելու օրվա 20-ամյակը:

«Տարեցտարի տեսնում ենք, թե ինչպես է տոնն արմատավորվում, ինչպես են մարդիկ միմյանց սիրով գիրք նվիրում: Տոնը երբեմն հիշեցնում է երիտասարդությունը, երբ ժամերով սպասում էինք գրախանութների մոտ՝ բաժանորդագրվելու համար»,-ասաց նա:

Միլիտոնյանը կարծում է՝ գիրքը դեղի պես է: «Ժամանակին «Նարեկ»-ը դնում էին բարձի տակ ու հավատում, որ այն բուժիչ ազդեցություն ունի: Իսկապես այդպես էր»,-նշեց միության նախագահը:

Նա տեղեկացրեց, որ տոնի առթիվ միջոցառումներ են կազմակերպում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մարզերում, Թբիլիսիում, Ջավախքում:  Նա հույս ունի, որ  գիրք նվիրելը, գրքի մասին խոսելը սովորական երևույթ կդառնա ու չի սպասի հատուկ տոների:

Գրող Սամվել Կոսյանը, որը մի շարք ստեղծագործություններ նվիրեց ընթերցողներին, վստահեցրեց, որ Գիրք նվիրելու օրը հիանալի առիթ է՝ գիրքն ընթերցողին հասցնելու համար: «Գրքեր հասնում են այն ընթերցողներին, ովքեր, վստահաբար, կարդալու  են դրանք: Այսօր ոչ բոլոր գրքերն են գնում ու կարդում»,-ասաց նա:

Ըստ հեղինակի՝ երիտասարդները պետք է բազմաժանր գրականություն կարդան, որովհետև ամեն գիրք իր աշխարհն ունի, հարուստ է գիտելիքներով, հուզական աշխարհով: «Ընտրություն են կատարում մեծահասակները, որոնք ավելին գիտեն, քան երիտասարդները»,-ընդգծեց Կոսյանը:

Լրագրող, գրող Մարիետա Խաչատրյանն ընթերցողներին նվիրեց իր «Դեպի կյանք», «Արտաժամանակ» գրքերը, իսկ իր ստացած նվերներից հատկապես արժեքավոր  համարեց Սամվել Կոսյանի պոեզիան:

«Կան բազմաթիվ հիանալի գրքեր, որոնք դժվար է գտնել, հեղինակների հետ հանդիպելը ևս հեշտ չէ, իսկ Գիրք նվիրելու օրվա առթիվ այդ հնարավորությունն ընձեռվում է: Գրքերը կարող են երբեմն հասնել պատահական ընթերցողների, որոնք գուցե դրամ չունեն, մարդկանց, որոնք հաճախ չեն այցելում գրախանութ, ուստի գիրքը հանրահռչակելու տեսանկյունից շատ եմ կարևորում այս տոնը»,-շեշտեց Խաչատրյանը:

Նա տոնի առթիվ այցելել էր նաև Խնկո Ապոր ազգային մանկական գրադարան, «Զանգակ» գրատուն ու ուրախությամբ փաստել, որ ընթերցողները շատ են և ոգևորված:

«Գրականությունը կարիք ունի հանրահռչակման. կան լավ գրողներ, որոնց քչերն են ճանաչում: Ինքս գրականության հանդեպ իմ նկատառումներն ունեմ ու կարծում եմ, որ Հայաստանի գրողների միությունը միայնակ չի կարող նպաստել լավ գրականության տարածմանը: Յուրաքանչյուրը պետք է ջանք թափի դրա համար»,-հավաստիացրեց Մարիետա Խաչատրյանը:

Գիրք նվիրելու օրը արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ՝ 2008 թվականից:

Տոնի շրջանակում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրողներն այցելում են դպրոցներ, հաղորդակցվում աշակերտների հետ և գիրք նվիրում նրանց, գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:

  • Կիսվել: