Գերմանիայից ժամանակ բժիշկը հույս ունի, որ կորոնավիրուսի զարգացման տեմպերը կթուլանան, և ինքը կկարողանա մասնակցել որդու տարեդարձին
յսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Գերմանիայից օրեր առաջ Հայաստան վերադարձած ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանին, որն այժմ աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում և բուժում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտների։
Պարզվեց, որ բժիշկը Գերմանիայում աշխատում է որպես ավագ անեսթեզիոլոգ և ինտենսիվիստ: Նա պատմեց, որ դեռ մարտ-ապրիլին Գերմանիայում ունեցել են կորոնավիրուսով վարակված բազմաթիվ պացիենտներ, սակայն այժմ վարակը որոշակիորեն նահանջել է: Ըստ բժշկի՝ դա հնարավոր է եղել բնակչության բարձր սոցիալական պատասխանատվության արդյունքում։
Բժիշկն իմացել է, թե ինչ վիճակ է Հայաստանում, և որ պահանջվում են մասնագետներ, և եկել է ՀՀ: ՛՛Նույն օրն առավոտյան միացա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի թիմին՛՛,- ասաց Մանուկյանը։
Նա նշեց, որ այն աշխատանքը, որ արվում է բուժկենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, աննկարագրելի է։ Ասաց՝ սա մի սարսափելի աշխատանք է՝ և հոգեբանական, և ֆիզիկական, և սեփական առողջության տեսանկյունից։ Նշեց՝ ամբողջ բուժանձնակազմը գիշեր- ցերեկ կռիվ է տալիս մահվան դեմ՝ դա պատվով անելով։
Բժիշկը խնդրեց, որ քաղաքացիները հետևեն հակահամաճարակային կանոններին: ՛՛Հուլիսի 18-ին որդիս կդառնա 1 տարեկան։ Հուսով եմ, որ մինչ այդ կանոնների համատարած պահպանման հետևանքով համաճարակի զարգացման այնպիսի տեմպ կունենանք, որ ես կկարողանամ վերադառնալ ընտանիքիս մոտ և մասնակցել որդուս առաջին տարեդարձին՛՛,-ասաց նա:


