չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստում քննարկվեցին մի շարք հրատապ ու կարեւոր հարցեր

Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստում քննարկվեցին մի շարք հրատապ ու կարեւոր հարցեր

 Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարեց մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Մինչեւ նիստի աշխատանքների մեկնարկը մարզխորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարզխորհրդի անդամ, Վարդաձոր համայնքի ղեկավար, օրերս հանկարծամահ եղած Ռոբերտ Սիրականյանի հիշատակը։

Նիստի օրակարգում քննարկվեց երեք հարց, արվեցին մի շարք հայտարարություններ եւ առաջարկություններ, ընդունվեցին համապատասխան որոշումներ։ Մարզի համայնքներում գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման հարցի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Մարտին Պետրոսյանը։ Նա նշեց, որ մարզի տնտեսություններին գարնանացանի ընթացքում օժանդակելու  նպատակով կառավարությունը իրականացնում է պետական աջակցության մի շարք ծրագրեր։  «2021 թվականին  գարնանացանի  աշխատանքները  ժամանակին  և արդյունավետ  կատարելու  համար   մարզի  համայնքներից  ստացված  հայտերի հիման վրա  ՀՀ  էկոնոմիկայի  նախարարություն է ներկայացվել  սերմերի  վճարունակ պահանջարկը:  ՀՀ կառավարությունը 2021 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման» պետական աջակցության ծրագիրը, սերմի 1 կգ-ի համար տրվող սուբսիդավորման կամ փոխհատուցման գումարը հնարավորություն կտա շահառուներին մատչելի պայմաններով՝ շուկայական գնից առավել ցածր գնով՝ շուրջ 50 տոկոս, իսկ 19 սահմանամերձ բնակավայրերում՝ շուրջ 70 տոկոս, ձեռք բերված  որակյալ սերմերով  ցանք կատարելու համար: ՀՀ կառավարությունը  հողօգտագործողներին աջակցելու նպատակով, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը լիզինգային և վարկային  9 ծրագրերով, վարկերը գյուղատնտեսության ոլորտին տրամադրում է 0 տոկոս տոկոսադրույքով: Մեկնարկել է 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար  գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրի շրջանակներում ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով վտանգավոր է դարձել մարզի սահմանամերձ համայնքների և բնակավայրերի     3660 հա հեռագնա արոտավայրերի և 4000 հա  խոտհարքների  օգտագործումը, որի պատճառով 2021 թվականին հնարավոր է առաջանա անասնակերի պակաս, ուստի այն պետք է լրացվի այլ աղբյուրներից: Մասնավորապես, առաջարկվել է մարզի համայնքների հողօգտագործողներին՝ այսուհետ  ցանքերի  կառուցվածքում 20-30 %-ով ավելացնել կերային մշակաբույսերը, որից ելնելով կորնգանի սուբսիդավորված սերմերի վճարունակ պահանջարկը ներկայացվել է 220 տոննա, իսկ առվույտինը՝ 21 տոննա:Մարզում առկա գյուղտեխնիկան բավարար է՝ գարնանացանը լիարժեքորեն ու ժամանակին կատարելու համար»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։  

Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2021 թվականի առաջին եռամսյակի արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը։ Նա նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմում է 81,2 տոկոս, կամ պլանավորված 529 միլիոն 367 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 430 միլիոն 25 հազար դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ցուցանիշը նվազել է 2,9 տոկոսով։ Մարզի միջինից ցածր ցուցանիշներ ապահովել են Վարդենիսի, Գավառի եւ Ճամբարակի տարածաշրջանները։ Իսկ ահա առաջին եռամսյակի արդյունքներով Ակունք, Մարտունի, Զոլաքար, Վարդաձոր, Ներքին Գետաշեն, Երանոս, Ձորագյուղ, Վաղաշեն, Սեւան, Գեղամավան եւ Լճաշեն համայնքները ոչ միայն գերակատարել են պլանավորված գումարը, այլ նաեւ ապահովել 2021 թվականի 5-7 ամիսների համար նախատեսված հավաքագրման ծավալները։

Մարզի համայնքների 2019-2021 թվականների սուբվենցիոն ծրագրերի գործընթացի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը։ Ըստ զեկուցողի՝  2019 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել են մարզի համայնքների կողմից ներկայացված թվով 103 ծրագիր, որոնց ծրագրային արժեքը կազմել է 5 միլիարդ 429 մլն. դրամ, կնքված պայմանագրերի արժեքը՝  4 միլիարդ 459 միլիոն  դրամ։ 2020 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել են մարզի համայնքների կողմից ներկայացված թվով 114 ծրագիր, որոնց ծրագրային արժեքը կազմել է 6 միլիարդ 612 միլիոն դրամ, կնքված պայմանագրերի արժեքը՝ 4 միլիարդ 293 միլիոն  դրամ։ 114 ծրագրերից 94-ը ավարտվել են 2020 թվականի ընթացքում, իսկ մնացած 20 ծրագրերի իրականացումը  տեղափոխվել է 2021 թվական։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմով պայմանավորված՝ թվով 5 ծրագիր մնացել է անավարտ։ 2021 թվականին  համայնքների կողմից ներկայացված 136 ծրագիր ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որոնց նախնական արժեքը կազմում է ավելի քան 7 միլիարդ դրամ։

Ամփոփելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը  մարզի խորհրդի անդամներին հավաստիացրեց, որ Գեղարքունիքի մարզպետարանից 2021 թվականին  ՀՀ կառավարության հավանությանը ներկայացրած 136 սուբվենցիոն ծրագրերի 95 տոկոսը  կֆինանսավորվի եւ կյանքի կկոչվի, ուստի եւ առաջարկեց համայնքների ղեկավարներին՝ ժամանակ չկորցնելու համար արդեն սկսել այդ ծրագրերի նախագծման աշխատանքները:  Մարզպետը միաժամանակ տեղեկացրեց, որ մարզի  համայնքներից   նոր մանկապարտեզներ կառուցելու նպատակով  կառավարություն ներկայացված 12 հայտերից 5-ն  այս տարի կֆինանսավորվեն,  եւ  շինարարական աշխատանքներ կսկսվեն Սեւան, Գավառ, Մարտունի, Ներքին Գետաշեն եւ Աստղաձոր համայնքներում: Խոսվեց  նաև համավարակի դեմ պայքարի ուղղությամբ  մարզում որոշակի խստացման միջոցառումներ իրականացնելու, համամարզային շաբաթօրյակ եւ մեծածավալ ծառատունկ իրականացնելու եւ այլ կարեւոր հարցերի մասին։

  • Կիսվել: