չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Գարեգին Բ-ի հարազատներն ինձանից $127 հազար են հափշտակել․ ՌԴ քաղաքացի Տատյանա Միրոնովա

Գարեգին Բ-ի հարազատներն ինձանից $127 հազար են հափշտակել․ ՌԴ քաղաքացի Տատյանա Միրոնովա

Ապրիլի 21-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության քրեական դատարանում տեղի կունենա առանձնապես խոշոր չափերով խարդախության հետևանքով գույքային վնասի հատուցման մասին ԵԴ1-ի գործի հերթական դատական նիստը: Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում նշեց տուժող՝ ՌԴ քաղաքացի Տատյանա Միրոնովան՝ գործով անցնող ամբաստանյալներն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հարազատներն են:

Միրոնովան պատմեց, որ գործով անցնող ամբաստանյալ Վանուշ Առաքելյանի հետ ծանոթացել է 2023 թվականին Սանկտ Պետերբուրգում: Սկզբում երիտասարդը ներկայացել է Դավիդ անունով, hետագայում պարզվել է, որ նրա իսկական անունը Վանուշ է․ «Նա պարծենում էր, որ ռուսաստանաբնակ խոշոր գործարար Արա Աբրահամյանի սիրելի զարմիկն է, իսկ նրա մյուս քեռին ոչ այլ ոք է, քան Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Մյուս քեռին դատախազ Կորյուն Ներսիսյանն է, ով, ի դեպ, մեղադրվում է կաշառակերության մեջ»:

Այնուհետև Վանուշ Առաքելյանը տուժող Միրոնովային պատմել է, որ ինքն ու իր հայրը ՝ Ժորա Առաքելյանը, զբաղվում են Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ գումար տեղափոխելով. «Նրանք ապօրինի կերպով կանխիկ գումար են տեղափոխում Ռուսաստանից Հայաստան ՝ Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսների վարորդների միջոցով։ Փաստորեն, զբաղվում են փողերի լվացմամբ։ Այս փաստը իմ կողմից հնչեցվել է քրեական գործով ցուցմունք տալու ժամանակ և ամրագրվել հարցաքննության արձանագրությունում։ Իմ կարծիքով, ծանոթանալիս Վանուշն ինձ այս ամենը պատմեց մեր միջև փոխվստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով։ Հետագայում նա ինձ համոզեց իր հետ մեքենաների ներմուծման բիզնես սկսել։ Այն է՝ մեքենաներ գնել ամերիկյան աճուրդներից և Հայաստանով տեղափոխել Ռուսաստան։ Ընթացքում Վանուշն ինձ ծանոթացրեց Արման Արղամանյանի հետ, ում հետ համագործակցությամբ պետք է ԱՄՆ-ից մեքենաներ բերեինք՝ Արմանը պետք է ինձանից գումար ստանար մեքենաների մաքսազերծման և վերանորոգման համար: Ուշագրավ է, որ Վանուշն ինձանից թաքցրել էր Արմանի իր զարմիկը լինելու փաստը»։  

Այնուհետև Վանուշն ու Արմանը Միրոնովային ծանոթացնում են «Մաքսիմպորտ» ընկերության ղեկավար Դավիթ Բուդուրյանի հետ, ով Հայաստանում ԱՄՆ աճուրդներից ավտոմեքենաների ներկրման լիցենզիա ունի: Ընդհանուր առմամբ, 2023-ի ամռանը և գարնանը այս «գործարքի» շրջանակներում Միրոնովան Վանուշ Առաքելյանին և նրա հարազատներին փոխանցել է ավելի քան 127 000 ԱՄՆ դոլար։ Եվ, ինչպես ընդունված է ժանրի լավագույն կանոններով, գումարը ստանալուն պես Վանուշ Առաքելյանը անհետանում է «ռադարներից»․ «Այդ ընթացքում Առաքելյաններն իմ փողերով ԱՄՆ-ից 8 մեքենա էին բերել, որոնք ձևակերպել էին իրենց և իրենց մտերիմների անուններով: Վանուշի «անհետացումից» հետո 2023թ. սեպտեմբերին փորձեցի կապ հաստատել նրա հոր՝ Ժորա  Առաքելյանի հետ, ով գործարքի երաշխավորն էր։ Պարզվեց, որ վերջինս վերջին երկու ամսվա ընթացքում ևս երկու մեքենա էր բերել ԱՄՆ-ից, մաքսազերծել որդու անունով և նույնպես անհետացել։ Այդ ժամանակ ես որոշեցի դիմել երևանյան փաստաբանի՝ հարցը խաղաղ հանգուցալուծելու համար։ 2023 թվականի նոյեմբերին իմ փաստաբանին հաջողվում է կապ հաստատել Ժորա Առաքելյանի հետ, սակայն նրա հետ հանդիպման է գալիս ոչ թե Առաքելյանը, այլ նրա բարեկամ՝ դատախազ Կորյուն Ներսիսյանը, ով իմպերատիվ տոնով հայտարարում է, որ նրանք ինձ կտան ԱՄՆ-ից իմ փողերով բերված 8 մեքենաներից 4-ը միայն։ Նա ասել է, որ իրենք են էդպես որոշել և լինելու է այնպես, ինչպես իրենք են որոշել և ինչպես իրենք են ուզում»։ 

Հանդիպման ժամանակ, Միրոնովայի խոսքով, Ներսիսյանը իրեն շատ մեծամիտ է պահել՝ պարծեցել է ձեռքի ժամացույցով, ասել, որ դա մի քանի անգամ ավելի թանկ արժի, քան այն գումարը, որն իրեն մեղսագրվում է կաշառակերության գործով․ «Ինձ ապշեցրեց այն փաստը, որ կաշառակերության մեջ մեղադրվող դատախազը, ըստ էության, մարտահրավեր է նետում իրավապահ համակարգին եւ առանց որեւէ մտավախության, որպես «կնքահայր» հանդես գալիս մեկ այլ հանցագործության «ջրելու» գործում: Հետագայում ի հայտ եկավ նրա ինքնավստահության պատճառը․ պարզվեց՝ նա էլ է Գարեգին Բ-ի զարմիկը»։ 

Տուժող Միրոնովան, չնայած Կորյուն Ներսիսյանի ինքնավստահությանը, չի համաձայնում նրա ուլտիմատիվ առաջարկին. «Ի՞նչու պետք է ես խաբեբաների ու կոռուպցիոներների այս ընտանիքին 4 մեքենա նվիրեմ: ԱՄՆ-ից իմ փողով գնված բոլոր 8 մեքենաները պետք է վերադարձվեն ինձ»: 

Հենց այդ պահանջով էլ Միրոնովան դիմել է Հայաստանի իրավապահ մարմիններին։ 2023թ. նոյեմբերին հարուցվել է 57028823 համարի քրեական գործը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն (ՀՀ Քր.Օր. - ի 255 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ):  

Բայց ամենահետաքրքիրն առջևում էր։ 2025 թվականի հունվարի 29-ին Միրոնովայի հետ կապ է հաստատում ՀԿԳ քննիչ Գևորգ Հայրապետյանը և չգիտես ինչու, ստանձնելով Առաքելյանների բանակցողի դերը, նրան նոր գործարք առաջարկում, ընդ որում ՝ այս անգամ որպես «փոխհատուցում» առաջարկելով նույնիսկ ոչ թե չորս, այլ երեք մեքենա՝ հակառակ դեպքում սպառնալով փակել գործը․ «Նա ինձ ասաց, որ եթե ես չհամաձայնվեմ այս գործարքին՝ չվերցնեմ երեք մեքենան, ընդհանրապես կմնամ ձեռնունայն, քանի որ մեղադրյալները ՌԴ քաղաքացի են, իսկ նա մտադիր չէ նրանց միջազգային հետախուզում հայտարարել, ուստի գործը Հայաստանում կփակվի: Ըստ էության, նա ինձ անթաքույց սպառնում էր»:

Հուսահատված Միրոնովան 2025 թվականի փետրվարի 3-ին դիմում է բլոգեր Վարդան Ղուկասյանին (Դոգ), ով ուղիղ եթերում իրեն բնորոշ ոճով հնչեցնում է Գարեգին Բ-ի հարազատների մասնակցությամբ խարդախության այս պատմությունը․ «Եվ միայն դրանից հետո քննիչը ստիպված եղավ տեղից շարժվել, ընտանիքը Վանուշին ուղարկեց Երևան, և նա հարցաքննվեց։ 2025 թվականի մարտին Վանուշին մեղադրանք առաջադրվեց, իսկ որպես խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը»:

Ապրիլի 21-ին տեղի կունենա այս գործով երրորդ նիստը։ Առաջին երկուսը տեղի են ունեցել 2026 թվականի փետրվարին։ Առաջին նիստի ժամանակ մեղադրյալի պաշտպանը միջնորդեց Վանուշ Առաքելյանին գրավի դիմաց ազատ արձակել, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը: Երկրորդ նիստին մեղադրյալի կողմը նոր փաստաբաններ էր ներգրավել, ինչի կապակցությամբ նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 21-ը:

Միրոնովայի փաստաբանները կարծում են, որ, չնայած ամբաստանյալի՝ գործընթացը ձգձգելու փորձերին, կան բոլոր նախադրյալները նրա համար, որ դատարանը պատշաճ իրավական գնահատական տա խարդախների գործողություններին և օրինական և հիմնավորված որոշում կայացնի:

Տուժող կողմը պնդում է խախտված իրավունքների լիարժեք վերականգնման, ապօրինի յուրացված միջոցների վերադարձման, ինչպես նաև պատասխանողներից պատճառված բոլոր վնասները վերականգնելու վրա: Խոսքը ոչ միայն ամբաստանյալների կողմից յուրացված դրամական միջոցների մասին է, այլև գործարքների կազմակերպման, իրավական աջակցության, ինչպես նաև հարակից այլ ծախսերի փոխհատուցման մասին:

«Ես ուզում եմ, որ Երևան քաղաքի դատարանում արդարությունը վերականգնվի, որպեսզի հանցագործները դադարեն իրենց օրենքից վեր դասել միայն այն պատճառով, որ նրանք այս կամ այն իշխանավորի, տվյալ դեպքում ՝ Կաթողիկոս Գարեգին Բ-ի ազգականներն են», - եզրափակեց Միրոնովան:

  • Կիսվել: