երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եթե ամուսինս ողջ լիներ, հարյուր հատ դանակահարություն էր եղել արդեն. Զոհրաբյան

Եթե ամուսինս ողջ լիներ, հարյուր հատ դանակահարություն էր եղել արդեն. Զոհրաբյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ մեր երկրում ձեւավորված ատելության մթնոլորտին և նշեց, որ Հայաստանում վերջին երկու ամսվա ընթացքում 3 հարսանիք ավարտվել է դանակահարությամբ:

Նա, մասնավորապես, ասաց. «Սա հնարավոր չէ, ի վերջո ինչ-որ մեկի համբերությունը կարող է հատել, եթե տեսնի` իր կնոջ, իր մերձավորի, իր հարազատի վերաբերյալ սեռապաթոլոգիկ հայհոյանքներ են գրում: Ես առաջարկում եմ` օգնեք մեզ, նաեւ միասին կազմակերպենք քննարկում, լավը չի լինի այս տարբերակը, առաջարկեք ձեր տարբերակը: Այս խնդիրը պետք է լուծվի, եւ նաեւ լրատվամիջոցները, որոնք շատ են կարեւորում  իրենց պրոֆեսիոնալիզմը, որոնք շատ կարեւորում են, որ իրենց էջ չմտնեն, հայհոյանք կարդալու համար: Խմբագիրներից մեկն ինձ ասաց, որ իրենք փորձել են մի քանի օր փակել մեկնաբանությունների տիրույթը, դիտումները պակասել  է: Դե թող պակասի, դե թող չմտնեն նրանք, ովքեր մտնում են հայհոյանք գրելու համար»:

Պատգամավորն ընդգծեց, որ իրենք պարտավոր են դառնալ այս իրավիճակում ուղղություն ցույց տվողը. «Մենք պետք է դառնանք այն չափորոշիչը, որ կարող է ինչ-որ խաղի կանոններ փոխել հանրության մեջ: Եթե ամեն մեկս ասենք, դե դա իմ գործը չի, ես ինչի պետք է մտածեմ իմ նյութի տակ ինչ կգրեն, մենք բոլորս դառնում ենք ինչ-որ մի հանցավոր անգործության մաս, որի հետեւանքներն իսկապես աղետալի են լինելու: Ես մտածում եմ, որ եթե Սամվելը ողջ լիներ, իմացեք, հարյուր հատ դանակահարություն էր եղել արդեն, այդ մտավորական մարդը գնալու էր նստեր: Քաղաքապետի ընտրությունների ժամանակ գնալու էր գտներ եւ լինելու էր սամասուդ, վենդետա: Ինքը չէր նայելու, ով է, ինչ է, ասելու էր` իմ կնոջը դու վիրավորել ես»:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ քաղաքական իշխանությանը այս իրավիճակը ձեռնտու է, քանի որ մեծամասնությունն իրենց չի հայհոյում:

  • Կիսվել: