շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Էստեղ նպատակը «բոլոլա» սարքելու մեջ է. Ալեն Սիմոնյան

Էստեղ նպատակը «բոլոլա» սարքելու մեջ է. Ալեն Սիմոնյան

«Հեղափոխություններից հետո ընդունված պրակտիկա է ազգայնական և սուր էմոցիոնալ թեմաների շուրջ ալիք բարձրացնել»,- այս մասին այսօր խորհրդարանում անդրդառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նույնասեռականների վերաբերյալ օրինագծին՝ ասաց  ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը ներկայացրել էր «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ օրինագիծը, որով երկու փոփոխություն էր առաջարկում՝ օրենքով արգելել նույնասեռականների ամուսնությունը, ինչպես նաև արգելել, որ նույնասեռականները կարողանան երեխա որդեգրել: ԱԺ-ն չընդունեց նախագիծը։ Թեմայի շուրջ բանավիճեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Գայանե Աբրահամյանը և այլ պատգամավորներ։  

«Ախր ստեղ խնդիրը էդ ձեր բարձրացրածը չի, էստեղ թե նպատակը, թե խնդիրը մեկ այլ բանի՝  «բոլոլա» սարքելու մեջ ա, ինչ-որ հետաքրքիր օրակարգի մեջ թեմա գցելն է»,- նշեց ԱԺ փոխնախագահը։

Նա միաժամանակ ասաց, որ այստեղ նպատակն այն է, որ հակառակ կողմին սարքեն այլասերվածությունը պաշտպանող, հայության հետ, ավանդական ընտանիքի հետ կապ չունեցող:

«Միևնույն ժամանակ թուրքական մշակույթ ունենալով ներսում, շատ ու շատ մարդիկ փորձում են «Իմ քայլի» այն մարդկանց, որոնք դրսում սովորել են, վերադարձել են, որ օգուտ տան, Հայսստանը հզորացնեն, իրենց կյանքը, ազատությունը դրել են հարվածի տակ, որ Հայաստանին ծառայեն, այդ մարդկանց սարքել՝ սկսած սատանայապաշտից, վերջացրած այլասերվածով: Սա է նպատակը: Նպատակը քաղաքական է։ Ուրեմն թող բոլորը հիշեն, որ ՀՀ իշխանությունը՝ «Իմ քայլը» դաշինքը, ամենահայկական, ամենաավանդապաշտ, ամենաաշխարհիկ և ամենա-ամենա խմբակցությունն և իշխանությունն է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա նաև կոչ արեց Հռոմի պապից կաթոլիկ չլինել, որովհետև պատմությունը հետ կթերթեն ու ցույց կտան, թե ով որտեղ ոնց է քվեարկել, ինչ է խոսել և իրեն ինչպես է պահել. «Մի արեք այդ բանը, առավելևս ՀՀ քաղաքացիներն արդեն հասկացել են, թե ինչ է կատարվում և ինչ են փորձում անել»։

 

  • Կիսվել: