Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը. Փաշինյան
Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Ես նորից ուզում եմ մեզ բոլորիս կոչ անել, որ ՀՀ-ում սկսի զանգվածային հակահամաճարակային շարժում, ինչը կնշանակի, որ մենք հսկողություն ենք սահմանում ոչ միայն անհատական, այլ նաեւ մեր միջավայրի վարքագծի վրա՛՛,-նշեց նա:
Վարչապետը նաեւ հավելեց. «Մեր խնդիրն է աջակցել մեր առողջապահական համակարգին: Մեր առողջապահական համակարգն այսօր հրաշքներ է գործում: Մարդիկ հուսահատ մահամերձ վիճակից վերադառնում են կյանքին:
Մեր խնդիրն է այնպես անել, որ որ մեր առողջապահական համակարգի կարողությունները չսպառվեն: Եթե շատ կոպիտ ձեւակերպեմ, մենք պետք է կարողանանք հիվանդանալ, վարակվել այնքան, որքանով մեր առողջապահական համակարգը կարող է ընդունել, ինչքանով ունենա մահճակալային տեղ, ինչքանով ունենա վերակենդանացման բաժանմունքի տեղ:
Իհարկե, մենք այս հզորությունները զարգացնում ենք, կառավարությունը ոչ մի միջոց չի խնայի այս հզորությունների զարգացման համար, բայց մյուս կողմից մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագիծը հակահամաճարակային շարժումն է, որով պետք է հաղթահարենք այս անորոշ վիճակը: Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը»:


