հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ես խորհուրդ կտայի սառը դատել եւ հետ վերցնել բողոքը. զոհվածի հայրը՝ Աշոտ Փաշինյանին

Ես խորհուրդ կտայի սառը դատել եւ հետ վերցնել բողոքը. զոհվածի հայրը՝ Աշոտ Փաշինյանին

«Մեր արդար պահանջը նորից լսելու համար մեզ հետ կապ հաստատելու որևէ փորձ չի եղել»,- կառավարության դիմաց լրագրողներին ասաց  44-օրյա պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը։

Նա նշեց, որ իրենք հնչեցնում են արդար պահանջ, ցանկանում են, որ հասարակության բոլոր շերտերը լսեն ու միանան իրենց պահանջին։

«Ես գտնում եմ, որ բոլորն են պարտք կոնկրետ Գայանեին, որ հիմա նա ցավերի,  տառապանքների մեջ է, իր  որդու կյանքը զոհաբերել է հանուն բոլորիս, ըստ այդմ՝ բոլորս ենք պարտք Գայանեին։ Հերոսի մայրն անհիմն կալանավորել  է, դա  սրբապղծություն է։ Բոլոր մարդիկ, այն մարդիկ, ովքեր իրենց մեջ թասիբ, նամուս ունեն, պետք է ոտքի կանգնեն, բոլորը բարձրաձայնեն»,- ասաց Զ.Մկրտչյանը։

Նա դիմեց մտավորականներին, գիտնականներին. «Նրանց լռությունը տարակուսելի է, անընդունելի է։ Իրենց ստեղծագործություններում ոգեշնչել են հայրենասիրություն։ Չեմ ընդունում իրենց հանդուրժողականությանն այս անարդարությանը»։

Նրանց լռության պատճառը, ըստ նրա, արժեհամակարգի փոփոխությունն է։

«Կալանավորելով Գայանեին՝ կալանավորվել է մեր արժեհամակարգը։ Եթե ինչ որ մի բան այս իշխանության դուրը չի գալիս, փորձում է վրեժխնդիր լինել, ցույց տալ իր ուժեղությունը, բայց դա թուլություն նշան է: Մարդկանց դատում են իրենց քաղաքական հայացքների համար, շինծու գործերով, առանց դատի: Կալանքը որպես պատժի միջոց են օգտագործում եւ տիկին Գայանեն այդ քաղաքականության զոհն է»,- ասաց Զ. Մկրտչյանը։

Նա դիմեց Փաշինյանի որդում՝ Աշոտ Փաշինյանին՝ ասելով. «Ես Աշոտիկին կդիմեի: Եթե մինչեւ հիմա ինքը Աշոտ Փաշինյան էր, հուր-հավիտյան կդառնա Աշոտիկ: Որպեսզի ինքը չլինի Աշոտին, ես խորհուրդ կտայի սառը դատել, հետ վերցնել բողոքը եւ չլսել, թե ինչ են ասում իրեն «շահագրգիռ» մարդիկ, որոնք ունեն անձնական վրեժխնդրություն, ուզում են լռեցնել պայքարը:

Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։

  • Կիսվել: