շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանում սրճարանի 21-ամյա մատուցողուհին դանակահարել է 30–ամյա կնոջը. վերջինիս անգիտակից հայտնաբերել են պարեկները

Երևանում սրճարանի 21-ամյա մատուցողուհին դանակահարել է 30–ամյա կնոջը. վերջինիս անգիտակից հայտնաբերել են պարեկները

Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունիսի 23-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով: Այդ օրը՝ ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Հենրիկ Սալոյանը ծառայություն կատարելիս են լինում, երբ Արամի փողոցում նկատում են, որ անօգնական մի կին ընկած է գետնին և արնաքամում է: Պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայից դուրս են բերում դեղատուփը և տեղում առաջին օգնությունն են ցուցաբերում դանակահարված կնոջը, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Արդեն տեղում բժիշկները արագ վիրավորին տեղափոխում են վիրահատարան ու փրկում նրա կյանքը: Ահազանգով դեպքի վայր է ժամանում ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդուհի Ռ.-ն է, իսկ նրան նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում դանակահարել է իր հետ վիճաբանության մեջ մտած Երևանի բնակիչ, 21-ամյա Սվետլանա Ղ.-ն:

Վերջինս ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերալիզորների կողմից հայտնաբերվում ու մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով բերման է ենթարկվում, որից հետո ձերբակալվում է: Ֆոտոլրագրողի հետ զրույցում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ասում էին. «Վիրավորը եթե մի քիչ ուշ տեղափոխվեր հիվանդանոց, հնարավոր է՝ նրա կյանքը փրկել չլիներ: Մինչ մեզ մոտ տեղափոխելը, նրան անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ճիշտ են ցուցաբերել, ինչը մի քիչ հեշտացրել է բժիշկների գործը, բայց բժիշկներն էլ հրաշք գործեցին ու փրկեցին նրա կյանքը: Մի քանի օր նա մնալու է բժիշկների հսկողության տակ»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը աշխատում է Երևանում գործող «Էվ Դրինգ Հաուս» սրճարանում՝ որպես մատուցող: 

  • Կիսվել: