Երևանում քաղաքային ավտոբուսը վրաերթի է ենթարկել մեկ այլ ավտոբուսի վարորդի, ով մնացել է 2 ավտոբուսների արանքում. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7-րդ և թիվ 2-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացին վրաերթի հետևանքով է հայտնվել այդ 2 ավտոբուսների արանքում, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վրաերթի ենթարկվածը դուրս է բերվել ավտոմեքենաների արանքից:
Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրան, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ավտոբուսներից մեկի վարորդն է, ով երբ փորձել է ավտոբուսում առաջացած ինչ-որ խնդիր լուծել, մյուս ավտոբուսը վրաերթի է ենթրակել նրան:
Վրաերթն էլ տեղի է ունեցել Տիգրան Մեծի պողոտայում:
Թարմացում. Ավելի ուշ Ավտոբուս ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտայում այսօր ավտոբուսի վարորդն իր մեքենան կանգնեցնելիս անզգուշությամբ ձեռքի արգելակման համակարգը չի գործարկել, ինչի հետևանքով ավտոբուսը տեղից շարժվել է։ Վարորդը փորձել է կանգնեցնել այն, սակայն հայտնվել է երկու ավտոբուսների արանքում։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, ունի կոտրվածքներ, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։


