կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Երևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել լուսացույցի տակ կայանված «Honda»-ին․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Երևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել լուսացույցի տակ կայանված «Honda»-ին․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Այսօր՝ մարտի 11-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Տիգրան Ս․-ն «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել լուսացույցի տակ կայանված Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Կարեն Մ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին և օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վալտեր Գևորգյանը և Արսեն Մովսիսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

  • Կիսվել: