կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Երևանում հանդիսավորությամբ նշվեց Արգենտինայի ազգային տոնը

Երևանում հանդիսավորությամբ նշվեց Արգենտինայի ազգային տոնը

Երևանում հանդիսավորությամբ նշվեց Արգենտինայի ազգային տոնը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, մշակութային գործիչներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Արգենտինայի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները վերջին տասնամյակների ընթացքում եղել են ջերմ և բարեկամական։ Նա հատուկ ընդգծեց, որ Լատինական Ամերիկայում Արգենտինայի հայ համայնքը ամենամեծն է ՝ մոտավորապես 120,000 մարդ։ Հայ գաղթականների առաջին ալիքը Արգենտինա է ժամանել դեռ 1892 թվականին։

«Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հազարավոր հայ գաղթականներ ապաստան գտան Արգենտինայում, որոնցից շատերը վերապրել էին Հայոց ցեղասպանությունը, որը ճանաչվել է իմ երկրի կառավարության կողմից: 1920 թվականին Արգենտինան ճանաչեց Հայաստանի անկախությունը և երկու ժողովուրդների միջև հաստատվեցին դիվանագիտական ​​հարաբերություններ։ 1991 թվականի Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը վերականգնեց իր անկախությունը և 1992 թվականի հունվարի 17-ին Արգենտինան և Հայաստանը պաշտոնապես վերականգնեցին դիվանագիտական ​​հարաբերությունները, որից հետո երկու երկրների նախագահներն, արտաքին գործերի նախարարներն և այլ պաշտոնատար անձինք իրականացրել են պաշտոնական այցեր՝ ամրապնդելով երկկողմ կապերը, որոնց թվում արժե առանձնացնել 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի նախագահի մասնակցությունը նախագահ Խավիեր Միլեի երդմնակալությանը և սույն թվականի մարտին Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Բուենոս Այրես»,- նշեց դեսպանը:

Նա հավելեց, որ անցյալ տարի, մեր երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների ավելի քան երեսուն տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստան այցելեց Արգենտինայի Ազգային Կոնգրեսի երկու պալատների Հայաստանի հետ բարեկամական խորհրդարանական խմբերի անդամներից բաղկացած պատվիրակությունը։

«Այս երեք տասնամյակների ընթացքում Արգենտինան և Հայաստանը զարգացրել են ամուր և արդյունավետ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ համագործակցության և հարգանքի վրա։ 1992 թվականից ի վեր Արգենտինան և Հայաստանը ստորագրել են բազմաթիվ համաձայնագրեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հիմնական համագործակցությունը, ներդրումները, առևտուրը, գիտությունը և տեխնոլոգիաները, մշակույթը, կրթությունը, զբոսաշրջությունը և այլն:Թեև դրանք բոլորն էլ մեզ համար կարևորագույն նշանակություն ունեն, սակայն առանձնացվում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության և սովորական անձնագրեր ունեցողների համար վիզայի պահանջի վերացման մասին համաձայնագրերը»,- ասաց դիվանագետը։

Դեսպանը հիշեցրեց, որ Արգենտինան Հայաստանում օտարերկրյա գլխավոր ներդրող երկրների շարքում է, ինչը վկայում է միավորող կապերի ամրության մասին։

«Չեմ կարող չնշել, որ Արգենտինան ականատես է եղել նաև հայերի մի կարևոր մասի հետ կապված վերջին ցավալի իրադարձություններին, այդ իսկ պատճառով ուզում եմ փոխանցել Արգենտինայի ժողովրդի և կառավարության կարեկցանքը բոլոր նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները անցյալ տարվա երկրորդ կեսին տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետևանքով։ Այդ նպատակով, Արգենտինայի Հանրապետությունը 2023 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում իրականացրել է «Սպիտակ սաղավարտներ»-ի առաքելությունը, որը հումանիտար ճգնաժամի զոհերի համար նախատեսված 15 տոննա մարդասիրական օգնություն էր: Մյուս կողմից, ընդգծում ենք, որ Արգենտինայի Հանրապետության կառավարությունը ողջունում է Ալմա Աթայի հռչակագրի (1991թ.) սահմանների սահմանազատման մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը, և գտնում է, որ այն ոչ միայն հիմնարար քայլ է կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար, այլև կարևորում է հակամարտությունների խաղաղ կարգավորումը բանակցությունների միջոցով»,- ասաց Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը։

Վերջում նա հույս հայտնեց, որ մեր երկրներում ի վերջո կտիրի խաղաղություն և բարգավաճում` բերելով այն վեհ ապագան, որին արժանի են մեր ժողովուրդները:

Միջոցառմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ իր ելույթում գոհունակությամբ նշեց, որ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է ամրապնդել ավանդաբար ջերմ բարեկամական հարաբերությունները, արդյունավետ համագործակցությունն ու գործընկերային սերտ կապերը, որոնք հիմնված են համերաշխության և փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և պատմության վրա:

«Մեր պետությունների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ակտիվ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Վերջին մի քանի տարիներին առավել հաճախակի դարձած բարձրաստիճան փոխայցելությունները ևս վկայում են երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Արգենտինան Հայաստանի ներդրումային կարևոր գործընկերներից է՝ 5-րդը մեր տնտեսության մեջ ներդրումների ծավալով: Լիահույս ենք, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկու պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունները նոր թափ կստանան, որի համար առկա է անհրաժեշտ ներուժ: Հայաստանը երախտապարտ է Արգենտինային Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար։ Այս հանգամանքը մեկ անգամ ևս վերահաստատում է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպան և ջատագով հանդիսացող Արգենտինայի համբավը»,- նշեց նախարարը։

Նա բարձր գնահատեց նաև Արգենտինայի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հումանիտար աջակցություն տրամադրելու համար՝ շեշտելով, որ այդ քայլերը վերահաստատում են հայ-արգենտինյան երկարամյա բարեկամությունը և առավել ամրապնդում են այն: Պապոյանի խոսքով՝ հայ և արգենտինացի ժողովուրդների միջև առկա ամուր կապերը, ինչպես նաև Արգենտինայում մեծաթիվ հայ համայնքը հանդիսանում են միջպետական հարաբերությունների անկյունաքարերից մեկը: 

«Հայաստանում նույնպես լավագույն կերպով ճանաչում և սիրում են Արգենտինայի հարուստ մշակույթն ու արգենտինացի ժողովրդին: Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել նաև դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին Հայաստանում Արգենտինայի դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել ամենայն հաջողություններ և նոր ձեռքբերումներ այս պատվավոր և պատասխանատու պաշտոնում: Կցանկանայի նշել, հարգարժան պարոն դեսպան, որ մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում Դուք մշտապես կարող եք ապավինել Հայաստանի իշխանությունների աջակցությանը: Եվս մեկ անգամ շնորհավորելով Արգենտինայի բարեկամ ժողովրդին Հեղափոխության օրվա առթիվ՝ մաղթում եմ առաջընթաց, խաղաղություն և բարեկեցություն»,- եզրափակեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Պաշտոնական մասին հաջորդեց ավանդական հյուրասիրությունը, որն ուղեկցվեց «Լիբերտա» քառյակի կողմից արգենտինական կենդանի երաժշտության գեղեցիկ կատարումներով:

  • Կիսվել: