ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանում 34-ամյա որդին Ավանում սպանել է մորը, ապա գնացել Կիևյան կամուրջ և այնտեղից իրեն ցած նետելով՝ ինքնասպան է եղել

Երևանում 34-ամյա որդին Ավանում սպանել է մորը, ապա գնացել Կիևյան կամուրջ և այնտեղից իրեն ցած նետելով՝ ինքնասպան է եղել

Այսօր՝ ապրիլի 20-ին, դաժան ու սահմռկեցուցիչ սպանություն և ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանն ու ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, պարանոցի մասը կտրած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 63-ամյա Նաիրա Մ․-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Աղասի Պողոսյանն ու Անահիտ Սարգսյանը։

Տեղում աշխատում է նաև փորձաքրեագետը։

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել։ Նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ կամրջից իրեն ցած նետած քաղաքացին Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Գ․-ն է, ով Ավանում սպանված կնոջ որդին է։ Ոստիկաններն ու քննիչները ունեն տեղեկություններ, որ տղան սպանել է մորը, ապա եկել է Կիևյան կամուրջ և իրեն ցած նետել։

  • Կիսվել: