երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Երևանի թիվ 94 մանկապարտեզի տնօրենը չվճարվող արձակուրդում է. ուսումնասիրությունները շարունակվում են. քաղաքապետարան

Երևանի թիվ 94 մանկապարտեզի տնօրենը չվճարվող արձակուրդում է. ուսումնասիրությունները շարունակվում են. քաղաքապետարան

Երևանի թիվ 94 մանկապարտեզը գործում է բնականոն հունով, այս պահին տնօրենի պարտականությունները կատարում է մեթոդիստը, տնօրենը չվճարվող արձակուրդում է, ուսումնասիրությունը շարունակվում է՝ ամփոփելուց հետո էդ մասով կլինի պարզաբանում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի համար 94 մսուր-մանկապարտեզում վաղ առավոտից ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում՝ դժգոհելով տնօրենի վարքագծից։ Նրանք նշում էին, որ տնօրենի պատճառով շուրջ 10 դաստիարակներ ու դայակներ ազատման դիմումներ են գրել և հեռանում են, և որ Փառանձեմ Միրիբյանն իր ծանոթներին է տեղավորում հաստատությունում։ Հետո արդեն մանկապարտեզի դայակներն ու մասնագետները անձամբ խոսեցին ու բարձրաձայնեցին իրենց խախտված աշխատանքային իրավունքների, տնօրենի կողմից իրենց անվայելուչ խոսքեր ասելու դեպքերի վերաբերյալ։

Իսկ տնօրենը լրագրողների հետ զրույցում միայն ասաց, որ վերջերս է վիրահատվել և իրեն լավ չի զգում և հոդորեց իրեն սադրիչ հարցեր չտալ։

Դրանից հետո բողոքող ծնողները այցելել էին Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարան, հանդիպել թաղապետի հետ, ներկայացրել իրավիճակը։ Թաղապետարանից խոստացել էին հրատապ լուծում տալ հարցին։

Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին նշել էր, որ ուսումնասիրություն է կատարվում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում՝ տնօրեն Փառանձեմ Միրիբյանի կատարած գործողություններին պատշաճ արձագանք տալու համար։

  • Կիսվել: