երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում. 2 օր է նրանց վառելիք չի տրամադրվում

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում. 2 օր է նրանց վառելիք չի տրամադրվում

 Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների և երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում: Վարորդները բողոքում են, որ արդեն 2 օր իրենց վառելիք չի տրամադրվում:

«Վառելիք տրամադրող ընկերություններից մեկի հետ Երևանի քաղաքապետարանը պայմանագիր ունի, նրանք էլ արդեն երկրորդ օրն է վառելիք չեն տրամադրում: Երեկ մեր հիմնարկն իր ուժերով լիցքավորել է տրանսպորտային միջոցները, սակայն այսօր արդեն հնարավորություն չկա»,- նշեց վարորդներից մեկը:

Մեկ այլ վարորդ ասաց, որ անհասկանալի է իրենց համար, թե ինչու է խնդիր առաջանում, և իրենց վառելիք չեն մատակարարում: Նա հավելեց, որ նման հարց նախկինում չի եղել, միայն վերջին երկու օրերին է խնդիր առաջացել:

«Մենք առավոտյան ժամը 5:00-ից աշխատանքի ենք գալիս, այսօր եթե անգամ տրամադրեն վառելիքը, միևնույն է, մեր աշխատանքը խափանվել է արդեն: Մեր տնօրենը կազմակերպված իրականացնում է ավտոպարկի աշխատանքը, շնորհիվ նրա այս մեքենաներն արդեն երկար տարիներ շահագործվում են:

Նրանք նշում են, որ մայիսի 12-ին մոտ 250 ավտոբուս աշխատանքի դուրս չի եկել:

Ջրվեժի ավտոպարկ էին ժամանել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարխոշյանը և Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ներկայացուցիչներ, ովքեր չցանկացան մեկնաբանություն տալ:

  • Կիսվել: