Երեխաների շրջանում պլանային պատվաստումների ցուցանիշները բարելավվել են
Հայաստանում երեխաների շրջանում պլանային պատվաստումների ցուցանիշները նկատելի բարելավվել են:
«Համավարակի ժամանակ մի շարք երկրներ դադարեցրել էին պլանային պատվաստումները: Կորոնովիրուսով պայմանավորված վերջին տարիներին իրավիճակը, իրոք, բարդ էր, կար մտավախություն, որ ծնողները կխուսափեին երեխաներին պլանային պատվաստումների բերելուց, սակայն մենք կարողացանք վերակազմակերպել մեր աշխատանքը և չդադարեցնել ընթացիկ պատվաստումների գործընթացը: Արդյունքում՝ ունենք այսպիսի լավ պատկեր»,-ասաց Գայանե Սահակյանը:
«Հայաստանում անցկացնում ենք իմունականխարգելման շաբաթ, որը լավ առիթ է մեկ անգամ ևս մեր բնակչությանն իրազեկելու, խոսելու պատվաստումների կարևորության մասին: Մենք նախատեսում ենք մանկական պատվաստումների հաջողությունները տարածել նաև մեծահասակների վրա: Մասնավորապես, դիգտերիայի, փայտացման, սեզոնային գրիպի դեմ պատվաստումների գծով: Մեծահասակաների շրջանում պատվաստումների ցուցանիշներն այս ուղղություններով ոգևորիչ չեն»,-ասաց Գայանե Սահակյանը:
Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի տնօրենի տեղակալ, իմունականխարգելման գործընթացի ղեկավար Անահիտ Պիվազյանը, որը մասնագիտացած է մանկաբուժության գծով, նշեց, որ հետևողական աշխատանք են տանում պատվաստվելու ենթակա երեխաների ծնողների հետ:
«Առաջնային օղակի դերն այս հարցում շատ կարևոր է, որ մասնագետները կարողանան ճիշտ, փաստագրված տեղ հասցնել այն, որ առողջապահության կարևորագույն գործիքը պատվաստումներն են: Չէ որ այս պատվաստումներով մենք կանխարգելում ենք բազմաթիվ հիվանդություններ»,-ասաց Անահիտ Պիվազյանը:
Նրա խոսքով, հիմնականում ծնողները տեղեկացված են, կարդացած և դեմ չեն պատվաստումներին: Կան կասկածամիտ ծնողներ, որոնց հետ բժիշկների կողմից իրազեկման աշխատանքներ տանելուց հետո մոտեցումները փոխվում են:
«Կան նաև ծնողներ, որոնք կտրականապես դեմ են և չեն էլ ցանկանում լսել: Տպավորություն է կարծես պատի հետ ենք խոսում: Միևնույն է, մենք շարունակում ենք աշխատել և փաստագրված ներկայացնել պատվաստումների արդյունավետությունը և դրանց բացակայության պայմաններում հնարավոր վտանգները»,-ասաց Անահիտ Պիվազյանը: