հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Երեկ Շուշանի ջերմությունը բարձրացել էր, Արփիինը՝ իջել. Աննա Հակոբյանը պատմել է բուժման ընթացքի մասին

Երեկ Շուշանի ջերմությունը բարձրացել էր, Արփիինը՝ իջել. Աննա Հակոբյանը պատմել է բուժման ընթացքի մասին

Ազատության եթերում այսօր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պատմել է իր ու իր ընտանիքի անդամների առողջական վիճակի մասին:

Հիշեցնենք, որ վարչապետը երեկ հայտարարել էր, որ իր ու ընտանիքի բոլոր անդամների՝ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, այսինքն՝ նրանք վարակված են:

՛՛Երեկ Շուշանի ջերմությունը բարձրացել էր, Արփիինը՝ իջել, այսօր երկուսի ջերմությունն էլ նորմայի սահմանում է։ Ես, Մարիամը եւ պարոն Փաշինյանը ջերմություն չունենք՛՛,-նշել է Հակոբյանը: Նա պատմել է, որ այսօր մանկաբույժ եւ մեծահասակների բժիշկներ են եկել, բուժզննման ենթարկել, խոհուրդներ տվել։

Հակոբյանի խոսքով՝ իրենք վարակված լինելու փաստն իրենց համար անակնկալ էր. ՛՛Վարչապետ Փաշինյանը, որն ամեն օր աշխատում է,  եւ Մարիամը, որը հանրային վայրերում հաճախ է լինում, թեեւ տնից է աշխատում, միշտ հետեւել են կանոններին՛՛։

Աննա Հակոբյանի կարծիքով՝ մեր հանրության շրջանում թերահավատությունը, որ կորոնավիրուս կա եւ վտանգավոր է, մեր ազգային առանձնահատկություններից է, ազգային հոգեբանություն, որ մենք շատ դժվարին վիճակներից ենք դուրս եկել, հետեւաբար սա էլ հեշտությամբ կհաղթահարենք։

՛՛Բայց ես ունեմ ծանոթներ, որոնցից մեկը հազիվ է շնչում, նույնիսկ չի կարողանում խոսել, մեկ ուրիշը ծանր է տանում հիվանդությունը։ Շատ տհաճ ընթացք ունի բուժումը։ Սա այն դեպքն է, որ շատ վիրավորական է, որ այլ երկրներում, որոնց մասին կարող ենք ասել, որ սառը ժողովուրդներ են իրենք, չեն սիրում գրկախառնվել, իրարից հեռու են մնում, վիճակն այդքան վատ չէ։ Մենք էլ համավարակի հաղթահարումից հետո կվերադառնանք նույն՝ ջերմ հարաբերությունների վիճակին, բայց մինչեւ այդ պետք է զգույշ լինենք։ Այս վիրուսի առանձնահատկությունն այն է, որ տարբեր մարդկանց մոտ տարբեր ձեւով է ընթանում՛՛,-ասել է նա։

  • Կիսվել: