ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Էլկա մանկական գեղագիտական կենտրոն»-ին կարգելվի երեխաներին սնունդ մատուցել

«Էլկա մանկական գեղագիտական կենտրոն»-ին կարգելվի երեխաներին սնունդ մատուցել

«Էլկա մանկական գեղագիտական կենտրոն» կազմակերպությանը կարգելվի սնունդ մատուցել երեխաներին: Այս մասին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչությունն ու առողջապահության նախարարութունը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել «աղիքային վարակ» և «սննդային թունավորում, հիպովոլեմիկ շոկ» նախնական ախտորոշումներով 11 դեպքի վերաբերյալ: Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ 11 երեխան էլ հաճախում են «Էլկա մանկական գեղագիտական կենտրոն»:

«Վերջիններիս մոտ աղիքային վարակին/սննդային թունավորմանը բնորոշ կլինիկական ախտանշանները՝ սրտխառնոց, անզուսպ փսխում դիտվել են նույն օրը և հիվանդները շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Մուրացան» ՀՀ, որտեղ հոսպիտալացվել են «աղիքային վարակ» և «սննդային թունավորում, հիպովոլեմիկ շոկ» նախնական ախտորոշումներով (1 երեխա ծնողների հրաժարականով տուն է գնացել և, ստանալով հիվանդանոցի վարակաբանի խորհրդատվություն, ստանում է ամբուլատոր բուժում): Ներկա պահին հոսպիտալացված բոլոր հիվանդները դուրս են գրվել, բավարար առողջական վիճակով»-նշված է հաղորդագրության մեջ:

Նաեւ տեղեկացնում են, որ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների, ինչպես նաև ՀՀ ՍԱՏՄ տեսուչների կողմից լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է լվացուկների, կենսանմուշների, խմելու ջրի և սննդամթերքի նմուշառում:

«Արդյունքում խմելու ջրի մեջ շեղումներ չեն հայտնաբերվել, սննդամթերքում (հավի մսով և բրնձով շիլա, երշիկ) հայտնաբերվել է ստաֆիլակոկ, թունաբանական հետազոտության արդյունքում՝ թունավոր ազդեցություն, սաների և աշխատակիցների կենսանմուշներում հայտնաբերվել է ստաֆիլակոկ, իսկ արտաքին մակերեսներից վերցված լվացուկներում ԱՑԽՄ եւ ստաֆիլակոկ:

Տվյալ կազմակերպությանը կարգելվի սնունդ մատուցել երեխաներին, քանի դեռ հումքի ու սննդամթերքի պահեստավորման, մշակման, պատրաստման տարածքներն ու սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանեցվել իրավական ակտերով սահմանված նորմերին:

«Էլկա» մանկական զարգացման կենտրոնը գրանցված չի եղել ՍԱՏՄ սննդի շղթայի օպերատորների բազայում եւ դուրս է մնացել Տեսչական մարմնի վերահսկողության շրջանակից: Սննդի շղթայի օպերատորների բազայում չգրանցվելու համար տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության»,-ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: