Եկեղեցին պիտի ամբողջապես մտնի հարկային դաշտ. Էդուարդ Աղաջանյան
Եկեղեցին պիտի ամբողջապես մտնի հարկային դաշտ, և որևէ ձեռնարկատիրական գործունեություն պետք է հարկվի ուղիղ այնպես, ինչպես բոլոր այլ ձեռնարկությունները: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 19-ի նիստին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության» պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով եկեղեցի-պետություն հարաբերություններին հարկային դաշտի համատեքստում:
Ըստ պատգամավորի՝ երբ եկեղեցին մտնի հարկային դաշտ, դրանից հետո քննարկելի կդառնա երկու տարբերակ:
«1. Կառավարությունն ամբողջապես եկեղեցուն է վերադարձնում հավաքված գումարը՝ որպես նվիրատվություն, սակայն այն հատկացնում է կոնկրետ ծրագրերի շրջանակում և իրականացնում է վերահսկողություն այդ գումարի նպատակային օգտագործման վերաբերյալ:
2. Կառավարությունը չի վերադարձնում հավաքված գումարը, և եկեղեցին ամեն տարի կամ որևէ հաճախականությամբ դիմում է Կառավարությանը կոնկրետ ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար: Կառավարությունն իր հերթին քննում է ծրագրի նպատակահարմարությունը, որից հետո որոշում է՝ տրամադրե՞լ գումար, թե՞ չէ:
Համաձայնեք, որ տրամաբանական է Կառավարությանը նման հնարավորություն ընձեռելը: Ի վերջո, միգուցե Կառավարությունը չի ուզում Արշակ սրբազանի համար G կլասի «Գելենդվագեն» գնել»,- ասաց նա:
Ամփոփելով խոսքը՝ պատգամավորը դիմեց «Աստծուն իսկապես մոտ կանգնած և աշխարհիկ մարդկանց Աստծուն մոտեցնող» Հայ Առաքելական եկեղեցու իրական սպասավորներին. «Եկեղեցին այն տարիներ շարունակ պղծած խմբակը չէ: Եկեղեցին դուք եք, և դուք պետք է այս ամենի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնեք: Կոչ եմ անում այլևս չհանդուրժել այս ամենը, և վերադարձնել եկեղեցին ժողովրդին, վերադարձնել եկեղեցին Աստծուն»: