Էջմիածնի դեպքը՝ հանցավոր անզգուշության ամենավառ օրինակ. Ալեն Սիմոնյան
Էջմիածնի դեպքը հանցավոր անզգուշության ամենավառ օրինակն է: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ԲՀ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի այն դիտարկմանը, թե ինչ է նշանակում հանցավոր անզգուշություն:
Սիմոնյանը պարզաբանեց. «Պետք է հաշվի առնենք, որ օրենքն ունենում է նաեւ կանխարգելիչ ֆունկցիա: Պարոն Պետրոսյան, ասում եք հանցավոր անզգուշության մասին, Էջմիածնի դեպքը ամենավառ օրինակն է հանցավոր անզգուշության: Կինը ենթադրել է, որ ինքն իրեն բուժել է եւ ինքը որեւիցե մեկի համար այլեւս վտանգավոր չի, ինքն իր ենթադրություններից ելնելով գնացել է նշանդրեք եւ չեմ կարծում,ո ր դիտավորությամբ համբուրվել եւ գրկախառնվել է բոլոր հյուրերի հետ: Ես չեմ կարծում, որ կինը ենթադրել է, որ իր տղայի միջոցառման ժամանակ ինքը մեկին կվարակի»:
ԱԺ փոխնախագահը նշեց նաեւ, որ թե՛ «Լուսավոր Հայաստան», թե ԲՀ խմբակցությունների առաջարկներն ընդունելի են, եւ ասածների մեջ շատ բաներ կան, որոնք իրոք պետք է փոփոխվեն. «Մենք այս ժամանակը կօգտագործենք, միասին կաշխատենք եւ շտկումները կանենք»:
Սիմոնյանը հավելեց, որ 5 տարվա ազատազրկման մասին կետն իրենք նույնպես պատրաստ են վերանայել:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ ընդունեց արտակարգ դրության պայմաններում սահմանված նորմերը խախտելու համար պատիժներ սահմանող օրենքների փաթեթը։


